23.12.2021 | 
ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:

Նիստի առաջարկված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել ու քննել է պրոֆեսորի 2 և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու 4 հայցեր, որոնցից միայն մեկը չի բավարարել պահանջվող չափորոշիչներին:

 

Ըստ այդմ՝ գիտական խորհրդին ներկայացված՝ պրոֆեսորի 2 և դոցենտի 3 գիտական կոչումների շնորհման հայցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը զեկուցեց ԵՊՀ զարգացման 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (2020-2021 ուստարի) մասին՝ փաստելով, որ դրանով սահմանված նպատակները հիմնականում կատարվել են: Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը հարցման կարգով հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի կողմից:

 

Ի դեպ, Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գեղամ Գևորգյանն ասաց, որ նախորդ տարի նախորդող 5 տարվա աշխատանքի արդյունքում առաջին անգամ հայաստանյան բուհերի շարքում ԵՊՀ-ն ստացել է հավատարմագրում՝ դրական ստանալով բոլոր տասը կետերով:

 

 

Նիստի օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ներկայացրեց մասնաճյուղի 2020-2021 ուստարվա գործունեությունը՝ նշելով, որ հաշվետու ուստարվա համար մասնաճյուղ դիմել է 439 դիմորդ: Ա. Մակարյանը փաստեց, որ վերջին տարիներին նկատվում է դիմորդների թվի աճ. հաշվետու ուստարվա դիմորդների թիվը 31%-ով ավելի է եղել նախորդ տարվա դիմորդների թվից։

 

 

Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց 2021-2022 ուստարվա ամբիոնային բեռնվածությունները: Նա նշեց, որ այս տարի ուսումնական բեռնվածությունը, ըստ ժամերի, կազմել է 652.570 ժամ: Հ. Ժամհարյանը ներկայացրեց նաև բեռնվածությունները՝ ըստ տեսակների, դրույքների և պրոֆեսորադասախոսական կազմի:

 

 

Զեկուցումին հաջորդած հարցերից, ծավալված քննարկումներից և հնչած ելույթներից հետո գիտխորհրդի անդամները քննարկեցին նիստի ընթացիկ հարցերը, որոնց շրջանակում ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի կանոնադրության նախագիծը:

 

Նա նշեց, որ նախագիծը ներկայացվել է Իրավական ակտերի, նախագծերի փորձաքննության հանձնաժողով, որը քննարկել է այն և տվել դրական եզրակացություն: Կանոնադրությամբ սահմանվում են թանգարանի գործառույթները, հիմնական կառավարումը, եզրափակիչ ու անցումային դրույթները: Գիտխորհրդի անդամները հաստատեցին ներկայացված նախագիծը:

 

 

Այնուհետև քվեարկությամբ հաստատվեց նաև «Ադրբեջաներեն» դասագիրքը (հեղ.՝ Լ. Մովսիսյան) վերահրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳՄՍՆ-ին միջնորդելու հարցը:

 

ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն էլ գիտխորհրդին ներկայացրեց ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի հաշվետվությունները՝ փաստելով, որ այս տարի ինտրանետ համակարգում մուտքագրվել է 917 հոդված, որից 220-ը տպագրվել են «Scopus» և «Web of Science» շտեմարաններում ընդգրկված պարբերականներում:

 

 

Այնուհետև ձևավորված հաշվիչ հանձնաժողովի անդամ Արամ Սահարյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները՝ փաստելով, որ քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 61 անդամ և երաշխավորել պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ շնորհելու բոլոր հայցերը:

 

Նիստի օրակարգը սպառելուց հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ մոտ ապագայում նախատեսվում են փոփոխություններ, որոնք նպաստելու են համալսարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը, և տեղեկացրեց, որ դրանք քննարկվելու են առաջիկա նիստերի ժամանակ: