24.06.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 10 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը:

Օրակարգային առաջին հարցով ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց դեկանի պաշտոնի ընտրության մասին Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդունած որոշումը։

 

Նրա տեղեկացմամբ, ֆակուլտետի գիտական խորհուրդը 13 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ դեկան է ընտրել Յուրի Հակոբյանին։ ԵՊՀ գիտական խորհուրդն առցանց եղանակով, փակ գաղտնի քվեարկությամբ 53 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց դեկանի պաշտոնի ընտրության որոշումը։

 

Այնուհետև Պողոս Վարդևանյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումները, ըստ որոնց՝ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ է ընտրվել Արմեն Հայկյանցը, Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ՝ Գևորգ Դանիելյանը, Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ՝ Հակոբ Հակոբյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ՝ Սիրանուշ Սարգսյանը։

 

ԵՊՀ գիտական խորհուրդն առցանց եղանակով, փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեց ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումները։

 

Պողոս Վարդևանյանը, անցնելով օրակարգային հաջորդ հարցին, գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց արդեն ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումները, ըստ որոնց՝ պրոֆեսորի պաշտոնում ընտրվել է 27 դասախոս։ ԵՊՀ գիտական խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեց ներկայացված որոշումները։

 

Նիստի օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահը ներկայացրեց պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել և քննել է պրոֆեսորի և դոցենտի երկուական հայց: Պողոս Վարդևանյանն ասաց, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից: Գիտխորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեցին գիտական կոչումներ շնորհելու հայցերը:

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը գիտխորհրդին ներկայացրեց 2021-2022 ուսումնական տարվա համար Ռաֆայել Մաթևոսյանի և Միհրան Բարոնյանի անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին՝ փաստելով, որ դրանք նախատեսված են մագիստրատուրայի ուսանողների համար և կազմում են 50-հազարական դրամ։

 

Այնուհետև գիտական խորհրդի անդամներին ներկայացվեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում հոգեբանական աջակցության ուսումնագիտական լաբորատորիա ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին միջնորդելու մասին հարցը։

 

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն ասաց, որ նախատեսվող ուսումնագիտական լաբորատորիան լինելու է բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկայի իրականացման հարթակ, բացի դրանից՝ լաբորատորիան համալսարանի աշխատակիցների և ուսանողների, ինչպես նաև հասարակության խոցելի խմբերի համար իրականացնելու է անվճար խորհրդատվություններ, նաև աջակցելու է ավարտական կուրսերի ուսանողներին՝ իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ։

 

«Ըստ էության, լաբորատորիան ունենալու է հիմնական երկու բաղադրիչ՝ խորհրդատվական և ուսուցողական։ Լաբորատորիայից կարող են օգտվել նաև ասպիրանտները և հետազոտողները»,- ասաց Ալեքսան Բաղդասարյանը։

 

Այնուհետև ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը խոսեց համալսարանի ներբուհական դրամաշնորհային ծրագրերի մասին՝ ասելով, որ ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն՝ որոշվել է սահմանել ներքին դրամաշնորհներ, որոնց շրջանակում էլ կներդրվի հրավիրյալ պրոֆեսորի ինստիտուտը։

 

«Նախնական տվյալներով ամեն տարի կներկայացվի 4 դրամաշնորհային ծրագիր՝ 3 տարի տևողությամբ։ Դրամաշնորհային ծրագրերի մրցույթն անցկացվելու է 4 անվանակարգում՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, բանասիրական և հասարակագիտական։ Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը պետք է լինի համալսարանի հիմնական աշխատող և բավարարի որոշակի չափանիշների, որոնք կսահմանվեն առաջիկայում»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

 

Նրա տեղեկացմամբ, դրամաշնորհային ծրագրի մրցույթի հաղթող խումբը պետք է նախապես պայմանավորվի արտասահմանյան գործընկերոջ հետ, որ վերջինս դրամաշնորհային ծրագրի շրջանակում գա համալսարան և մեկական մոդուլ դասավանդի բակալավրիատում ու մագիստրատուրայում․«Ընդ որում՝ մոդուլները կարող են խստացվել։ Արտասահմանից հրավիրված պրոֆեսորի կեցությունը կապահովի համալսարանը և նրան կվճարի որոշակի գումար»։

 

Գեղամ Գևորգյանը նշեց, որ ծրագրի նախագիծը դեռևս վերջնական մշակված չէ, և որ գիտխորհրդի անդամները կարող են հանդես գալ առաջարկություններով։

 

Այնուհետև ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը հաղորդեց ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2020 թ. հարցման արդյունքները՝ փաստելով, որ դրանք էականորեն չեն տարբերվում նախորդ տարվա հարցումների արդյունքներից։

 

Նրա տեղեկացմամբ, ուսումը շարունակել ցանկացող շրջանավարտները բակալավրիատում կազմել են 69.9%, իսկ մագիստրատուրայում՝ 40.8%: Հարցված շրջանավարտների 28%-ը պատասխանել է, որ աշխատում է իր մասնագիտությամբ, 23.9%-ը՝ այլ մասնագիտությամբ, իսկ 46.9%-ը նշել է, որ չի աշխատում:

 

«Տվյալ հետազոտության համար ևս պահպանվում է այն միտումը, որ մագիստրատուրան ավարտած շրջանավարտները, ի տարբերություն բակալավրիատն ավարտածների, ավելի մեծ թվով են ընդգրկված աշխատաշուկայում, 2020 թ․ մագիստրոս հարցվողների ավելի մեծ տոկոսն է աշխատում մասնագիտությամբ, չնայած աշխատողների ընդհանուր տոկոսը գրեթե չի փոխվել»,- ասաց Ռաֆայել Բարխուդարյանը։

 

Նա, ներկայացնելով այլ տվյալներ ևս, նշեց, որ ընդհանուր առմամբ, շրջանավարտները բարձր են գնահատում ԵՊՀ-ում ստացած կրթությունը. «Հարցվածների 42.8%-ը գերազանց է գնահատել ԵՊՀ-ում ստացած կրթությունը, 43%-ը՝ լավ, 12.5 %-ը՝ բավարար, իսկ 1.7%-ը՝ անբավարար»։

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց Ասպիրանտների կարողությունների զարգացման կենտրոն ստեղծելու մասին առաջարկը՝ փաստելով, որ այն կնպաստի ասպիրանտների և դոկտորանտների մասնագիտական ու ընդհանրական կարողությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են գիտահետազոտական գործունեության իրականացման և ակադեմիական կարիերայի զարգացման համար։

 

Նա նաև փաստեց, որ Ասպիրանտների կարողությունների զարգացման կենտրոնը ստեղծվում է Ասպիրանտուրայի բաժնին կից և առանձին կառուցվածքային միավոր չէ, և ըստ այդմ՝ ՀԽ-ին դիմելու անհրաժեշտություն չկա։

 

Օրակարգային վերջին հարցով ԵՊՀ գիտխորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը հաստատման ներկայացրեց կրթական երկու նոր ծրագիր։ Նրա տեղեկացմամբ, հանձնաժողովի նիստում քննարկել են Աստվածաբանության ֆակուլտետի կողմից ներկայացված բակալավրի «Կրոնական զբոսաշրջություն» ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից ներկայացված մագիստրոսի «Շուկայագիտություն» ծրագրերը, որոնք միջգիտակարգային են և համապատասխանում են ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրին։

 

Նա տեղեկացրեց, որ «Կրոնական զբոսաշրջություն» ծրագիրը 4 տարի տևողությամբ է, իսկ մագիստրոսի «Շուկայագիտություն» ծրագիրը՝ 1.5։

 

Էմիլ Գևորգյանը նշեց, որ կրթական ծրագրերն անցել են հաստատման ընթացակարգի բոլոր փուլերը և հանձնաժողովի կողմից միաձայն երաշխավորվել։

 

Օրակարգային հարցերի սպառումից հետո ԵՊՀ գիտական քարտուղարը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց «Թարգմանաբանություն. տեսություն և պրակտիկա» միջազգային գիտական հանդեսի անդրանիկ համարը հրատարակության երաշխավորելու, «Русский язык. Учебник для гуманитарных вузов РА» աշխատանքը (հեղ.` Ս. Լալայան, Մ. Այվազյան, Ա. Բաղդասարյան, Մ. Դպիրյան, Ս. Մկրտչյան-Լալայան) և «Грамматика в упражнениях» վարժությունների ժողովածուն հրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳՄՍՆ-ին միջնորդելու մասին, «Մակրոմոլեկուլների մոլեկուլային բնութագրերը լուծույթներում» աշխատանքը (հեղ.` Վիգեն Բարխուդարյան) հրատարակության երաշխավորելու մասին և «All about the English Adjective in Figurative Use» ու «All about the English in General Use» երկհատոր ուսումնական ձեռնարկը վերահրատարակության երաշխավորելու և որպես բուհական ձեռնարկ հաստատելու միջնորդությամբ ՀՀ ԿԳՄՍՆ-ին դիմելու մասին հարցերը, որոնք գիտխորհրդի անդամներն առցանց քվեարկությամբ հաստատեցին։

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։