24.09.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՆ. ՕՐԱԿԱՐԳԸ ՉՀԱՍՏԱՏՎԵՑ
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՆ. ՕՐԱԿԱՐԳԸ ՉՀԱՍՏԱՏՎԵՑ
ԵՊՀ գիտխորհրդի 31 անդամի պահանջով այսօր հրավիրվել էր օրակարգային երկու հարցով արտահերթ նիստ, որն օրակարգը չհաստատելու պատճառով չեղարկվեց:

Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ԵՊՀ գիտխորհրդի անդամ ուսանողները, որոնց միացել էին նաև այլ անդամներ՝ ապահովելով ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված այն չափորոշիչը, որի համաձայն` արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:

 

Գիտական խորհրդի արտահերթ նիստում առաջարկվել է ներառել օրակարգային երկու հարց՝ ԵՊՀ գործունեության կարևորագույն հարցերի առնչությամբ որոշումների
ընդունման գործընթացում ԵՊՀ գիտական խորհրդի գործուն մասնակցության
ապահովման խնդրի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում, ինչպես նաև ԵՊՀ 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագրի իրագործման ընթացքի մասին քննարկում:

 

Նիստի սկզբում՝ նախքան օրակարգը հաստատելը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով իր նկատառումները, փաստեց, որ օրակարգի հաստատումը պետք է դիտարկվի երկու տեսանկյունից՝ իրավական և բարոյաէթիկական:

 

«Գիտական խորհուրդն իր լիազորություններն իրականացնում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Արտահերթ նիստ գումարելու պահանջով հանդես է եկել գիտխորհրդի անդամների 1/3-ը, ընդ որում՝ արդեն առաջարկված օրակարգով: Եվ եթե մենք օրակարգը հաստատելու հարցը դնում ենք քվեարկության, ապա իրավական տեսանկյունից առաջանում է կոլիզիա»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

 

Նրա հավաստմամբ, հարցը խնդրահարույց է նաև բարոյաէթիկական տեսանկյունից. «Ինձ նույնպես հասել է նախաձեռնության առաջարկությունը, որի տակ ստորագրել են հարգարժան համալսարանականները, և եթե մեր գործընկերները հանդես են գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով օրակարգ, իսկ մենք այն հաստատելու համար քվեարկություն ենք կազմակերպում, կարծում եմ՝ բարոյական տեսանկյունից ճիշտ չենք վարվում»:

 

 

Վահե Հովհաննիսյանն առաջարկեց քվեարկության դնել ոչ թե օրակարգը հաստատելու հարցը, այլ դրա մեջ ներառվող հարցերը տեղափոխել հաջորդ՝ հերթական նիստի օրակարգի մեջ՝ հաշվի առնելով այն, որ այս շաբաթ նշվում են ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումները. «Ընդ որում՝ իրավական առումով մենք հանգիստ կարող էինք այս նիստն անցկացնել սեպտեմբերի 30-ին: Եթե կան խնդիրներ, պետք է դրանք քննարկել և գտնել լուծման ուղիներ»:

 

Այնուհետև ելույթով հանդես եկավ գիտխորհրդի ուսանող անդամ Դավիթ Մաթևոսյանը, որը նախևառաջ շնորհակալություն հայտնեց այն անդամներին, որոնք միացել են նախաձեռնությանը. «Ինձ համար կարևոր է, որ գիտխորհրդում քննարկվեն այն հարցերը, որոնք հուզում են բոլորին: Կարևոր է նաև այն, որ ԵՊՀ-ում գիտական խորհրդի նիստ կարող է հրավիրվել ուսանողների նախաձեռնությամբ»:

 

Դավիթ Մաթևոսյանն իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ այս նախաձեռնության վերաբերյալ սխալ մեկնաբանություններ են շրջանառվում, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հորդորեց տեղեկությունները մի կողմ թողնել և խոսել՝ ըստ սահմանված կարգի: Դավիթ Մաթևոսյանն էլ նշեց, որ խոսքն օրակարգի մասին է, և պետք է պարզաբանել, թե ինչու է պետք այն հաստատել:

 

 

Գեղամ Գևորգյանն առաջարկեց ելույթների համար սահմանել 2 րոպե ժամանակ, ինչը գիտխորհրդի անդամների մեծամասնության կողմից հավանության արժանացավ և հաստատվեց:

 

«Մեր մտահոգությունը նախևառաջ կապված է ԵՊՀ գիտական խորհրդի դերի հետ: Վերջին երկու ամիսներին գիտխորհրդի երկու որոշումներն անտեսվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից. մեկն անօրինական ձևով, մյուսը՝ ոչ տրամաբանական»,- ասաց Դավիթ Մաթևոսյանը:

 

Նրա փոխանցմամբ, առաջին հարցը վերաբերում էր ԵՊՀ կառուցվածքային փոփոխություններին. «Գիտխորհուրդը հանդես եկավ առաջարկությամբ, բայց Հոգաբարձուների խորհուրդը ձևափոխեց այն, ներկայացրեց սեփական առաջարկը, որի իրավունքը, իմ կարծիքով, չուներ: Դրա վերաբերյալ կա դատական գործ: Երկրորդ հարցը վերաբերում էր Բյուրականի ուսումնաարտադրական բազայի օտարմանը: Գիտական խորհուրդը բացասական եզրակացություն էր ներկայացրել, սակայն Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և փաստարկներով այդ հարցը նորից քննարկվել է: Սրանք հարցեր են, որ պետք է քննարկել: Ինչո՞ւ են անտեսվում գիտխորհրդի որոշումները»:

 

Գեղամ Գևորգյանը փաստեց, որ Դավիթ Մաթևոսյանի ելույթում հնչեց ապատեղեկատվություն. «Վերջին երկու ամսում ո՛չ գիտխորհրդի նիստ է անցկացվել և ո՛չ էլ Հոգաբարձուների խորհրդի: Բացի դրանից՝ Բյուրականի ուսումնաարտադրական բազան ոչ միայն չի վաճառվում, այլև ես նախաձեռնել եմ դրա մասնաշենքերից մեկի վերանորոգումը»:

 

 

Ապա ելույթով հանդես եկավ գիտխորհրդի ուսանող անդամ Տաթևիկ Սողոյանը՝ փաստելով, որ հարցն է քննարկել որևէ բան կամ չքննարկել. «Օրակարգային հարցը քննարկում կազմակերպելն է: Գիտխորհրդի անդամներից 31-ը կարծում են, որ բուհում առկա է օրակարգային հարց, մնացածը ծանուցվել է դրա մասին և այսօր եկել է ասելու, թե իբր ոչինչ չունի քննարկելու: Եթե բուհի հիմնական մարմինը քննարկման վերաբերյալ օրակարգը չհաստատի, կստացվի, որ մենք քննարկելու ոչինչ չունենք: Կա ստեղծված իրավիճակ, որը, գիտխորհրդի անդամների 1/3-ի կարծիքով, խնդրահարույց է, և խորհրդի մեծամասնությունն այստեղ է՝ հասկանալու, թե ինչն է խնդիրը»:

 

Օրակարգը հաստատելու վերաբերյալ հարցը դրվեց քվեարկության և չհաստատվեց:

 

 

Քվեարկությունից հետո Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն ասաց, որ եկել էր նիստին՝ հարգելով գործընկերների նախաձեռնությունը. «Եթե հարց կա, եկեք լսենք: Այս մոտեցումն ինձ համար անընդունելի է: Եթե դեմ եք, ինչո՞ւ եք եկել»:

 

«Գիտական խորհրդի նիստն ավարտված է»,- ասաց Գեղամ Գևորգյանը և դուրս եկավ գիտական խորհրդի նիստերի դահլիճից:

 

 

Գիտխորհրդի արտահերթ նիստի տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/ysu.am/videos/402335907368140/:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր:
ԵՊՀ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԳՈՒՐԳԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Գուրգեն Ալեքսանյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գնումների պլանավորման վարչության պետ: