25.06.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր ԵՊՀ գիտական խորհուրդն անցկացրել է առցանց նիստ:

Առցանց նիստի օրակարգային հարցերը ներառում էին դեկանի պաշտոնի ընտրության մասին ֆակուլտետային գիտական խորհրդի ընդունած որոշման և ամբիոնի վարիչի պաշտոնների ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշումների հաստատումներ:

 

Գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովների նախագահներ Խաչատուր Ներկարարյանը և Նաղաշ Մարտիրոսյանը գիտխորհրդի անդամներին հայտնեցին, որ գիտխորհրդի հաստատմանն են ներկայացվում Քիմիայի ֆակուլտետի դեկանի՝ Տարիել Ղոչիկյանի և տարբեր ֆակուլտետների 11 ամբիոնի վարիչների ընտրության վերաբերյալ որոշումները՝ փաստելով, որ հանձնաժողովի կողմից դրանց վերաբերյալ եղել են դրական եզրակացություններ:

 

Բացի դրանից՝ մրցութային հանձնաժողովների նախագահները գիտխորհրդի հաստատմանը ներկայացրին պրոֆեսորի 3 և դոցենտի 7 կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորվել են հանձնաժողովի կողմից:

 

Գիտխորհրդի անդամներն առցանց եղանակով, փակ գաղտնի քվեարկությամբ հաստատեցին ֆակուլտետային գիտխորհուրդների որոշումները և գիտական կոչումներ շնորհելու հայցերը:

 

Օրակարգային վերջին հարցի շրջանակում գիտխորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ հանձնաժողովը հունիսի 19-ին նիստ է անցկացրել և քննարկել մագիստրոսական կրթական 7 նոր ծրագրեր, որոնք ներկայացվել են 3 ֆակուլտետներից:

 

Իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է մագիստրոսական 5 նոր ծրագիր՝ «Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն», «Քրեական արդարադատություն և փաստաբանություն», «Դատական իրավունք և փաստաբանություն», «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ», «Համալիր իրավական հետազոտություններ», Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը ներկայացրել է 1 ծրագիր՝ «Մաթեմատիկա և կիրառություններ», Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կողմից ներկայացվել է «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական ծրագիրը:

 

 Էմիլ Գևորգյանը փաստեց, որ ներկայացված մագիստրոսական կրթական նոր ծրագրերն անցել են կրթական ծրագրի հաստատման ընթացակարգի բոլոր փուլերը և ստացել դրական եզրակացություն:

 

Անցնելով նիստի ընթացիկ հարցերին՝ գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեց «Բարձրամոլեկուլային միացություններ»  (հեղ.՝ պրոֆ. Վ. Գ. Բարխուդարյան) աշխատանքը որպես ուսումնական ձեռնարկ հրատարակության երաշխավորելու առաջարկը, ինչը քննարկումների առիթ դարձավ: Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը նշեց, որ դրա մեջ սխալներ կան, և որ մասնագետների կողմից չի գրախոսվել:

 

Պարոն Ղոչիկյանին մտահոգել է նաև այն, որ ֆիզիկայի բնագավառի մասնագետն ուսումնական ձեռնարկ է կազմում քիմիան ուսումնասիրող ուսանողների համար: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից և դիմեց Տարիել Ղոչիկյանին ու Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանին՝ իրականացնելու գրախոսություն, որպեսզի հաջորդ անգամ քննարկումն առավել առարկայական լինի:

 

 Գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց «Սովորում ենք արաբերեն» (հեղ.՝ բ.գ.թ. Ս. Տոնիկյան, Ս. Յովսեփեան), «Խոսենք արաբերեն» (հեղ․՝ բ․գ․թ․, դոցենտ Սոնա Տոնիկյան և բ․գ․թ․, դոցենտ Ալիս Էլոյան) և «Իսպաներենը միջազգային հարաբերություններում» (հեղ․՝ բ.գ.դ., դոցենտ Հ․ Բաղդասարյան, Մ․ Մարտիրոսյան) աշխատանքները հրատարակության երաշխավորելու և որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳՄՍՆ-ին միջնորդելու մասին առաջարկները, որոնք հավանության արժանացան:

 

Այնուհետև պարոն Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց դեկաններին և ամբիոնների վարիչներին, որ ամբիոնային ծանրաբեռնվածությունները կազմելիս և ներկայացնելիս ունենան նաև դասախոսների համաձայնությունը կամ տեղեկացված լինելու հանգամանքը փաստող հիմքեր: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի առաջարկով հնարավոր է ներկայացնել նաև ամբիոնի և դեկանի ստորագրությամբ տեղեկանքներ, որ բոլոր դասախոսները (այդ թվում՝ ժամավճարով աշխատող) տեղյակ են ամբիոնային ծանրաբեռնվածությունից:

 

Նիստի ավարտին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց քննարկել նաև հայագիտական առարկաների բացակայությունն այն մասնագիտությունների ցանկից, որոնց դեպքում փոխհատուցում է կատարվելու, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ վերջերս ունեցած ելույթի վերաբերյալ հայտնել դիրքորոշում:

Առաջարկության վերաբերյալ մանրամասները կհայտնենք քիչ ուշ:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին:
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին: