12.10.2017 | 
Քաղաքականություն
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր կայացավ 2017-2018 ուստարվա առաջին գիտխորհրդի նիստը, որի օրակարգում ներառված էր 6 հարց, ինչպես նաև ընթացիկ հարցեր:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց բարերար, «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերության տնօրեն  Միհրան Բարունյանին, ում ֆինանսական աջակցության շնորհիվ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում առաջիկայում կբացվեն ևս երկու գիտահետազոտական լաբորատորիաներ:

 

Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց նաև բարերարի կենսագրությունը:

 

«Շնորհակալ եմ այս վերաբերմունքի համար: Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ունենալ հայրենիքի բարգավաճման գործում: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ օգտակար լինելու, ապագայում էլ շարունակելու եմ աջակցել Մայր բուհի զարգացմանը»,- նշեց հյուրը:

 

 

Արամ Սիմոնյանը ներկայացրեց նաև հուլիսի 25-31-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցած 23-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային (IMC) մասնակցած և հաղթանակով վերադարձած ուսանողներին՝ ընդգծելով, որ բուհի ղեկավարությունը հպարտանում է իր շնորհալի ուսանողներով, ովքեր արտերկրում բարձր են պահում Մայր բուհի պատիվը:

 

ԵՊՀ ռեկտորը մեդալներ և շնորհակալագրեր հանձնեց ուսանողներին՝ բարի երթ մաղթելով երիտասարդ համալսարանականներին: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն էլ ներկայացրեց մրցույթի արդյունքներն ու ուսանողների ձեռքբերումները:

 

 

Այնուհետև գիտխորհրդի անդամները հաստատեցին ԵՊՀ գիտխորհրդի՝ 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, որից հետո ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցման կարգը (նոր խմբագրությամբ), ինչպես նաև կարգում ներառված փոփոխությունները:

 

Պրոռեկտորը կարևորեց նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար նախատեսված էլեկտրոնային փոստի օգտագործման ակտիվացման հարցը՝ ընդգծելով, որ ներկայումս ուսումնական մի շարք գործընթացներ են իրականացվում վիրտուալ հարթակում, որոնք կապված են էլեկտրոնային փոստի համակարգի հետ:

 

Երևանի պետական համալսարանում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի նախագիծը ներկայացրեց Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, ով մանրամասնեց կարգում արված փոփոխությունները՝ կապված բակալավրի ավարտական աշխատանքում հետազոտական աշխատանքի բացակայության, իրականացման ժամանակացույցի, ինչպես նաև գնահատման սանդղակի փոփոխման հետ:

 

«Նախագիծը նախապես քննարկվել է ֆակուլտետներում, արդյունքում ներկայացվել են առաջարկներ, որոնց մի մասը հաշվի ենք առել և արդեն իսկ ներառել փաստաթղթում»,- ասաց Արմեն Բուդաղյանը:

 

Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի նախագիծը, ինչպես նաև անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողների ցուցակը, որը ներկայացրեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, հաստատվեց գիտխորհրդի անդամների կողմից:

 

Միաձայն հաստատման արժանացան նաև ընթացիկ հարցերը՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կանոնադրության փոփոխությունները՝ կապված որոշ ստորաբաժանումների անվանափոխությունների հետ, ինչպես նաև Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս Սերգեյ Ամիրյանի «Արխիվագիտություն» վերնագրով աշխատանքը որպես բուհական դասագիրք ճանաչելու հարցով ՀՀ ԿԳ նախարարությանը միջնորդելու մասին հարցը:

 

Օրակարգային և ընթացիկ հարցերից հետո ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ներկայացրեց «Քրդստանի անկախության հանրաքվեն և քրդական խնդրի վերջին զարգացումները» թեմայով գիտական զեկուցումը:

 

«Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանները սերտորեն կապված են միմյանց հետ, ուստի ցանկացած գործընթաց ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանների պետությունների վրա: Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն տարածաշրջանային լուրջ իրադարձություն է, որն անդրադառնում է նաև Հայաստանի վրա: Այդ տեսանկյունից տվյալ իրավիճակում անհրաժեշտ է հաշվարկել Հայաստանի շահերն ու սպառնալիքները»,- զեկուցման մեջ շեշտեց Վարդան Ոսկանյանը:

 

Հաջորդ զեկուցողը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն էր, ով ներկայացրեց «Արդի կրթական համակարգերի կիրառման համացանցային գործիքակազմը «Google Classroom»-ի օրինակով» զեկուցումը:

Մհեր Հովհաննիսյանը նախ մանրամասն անդրադարձավ «Google Classroom»-ի կիրառման ձևերին, դրա առավելություններին՝ համադրելով սեփական փորձառության հետ:

 

«Այս գործիքակազմը 2014 թ.-ից առաջատար բուհերի կողմից կիրառվում է ամբողջ աշխարհում: Համակարգն անվճար է և շատ քիչ տեխնիկական գիտելիքների պարագայում հնարավորություն է ընձեռում ապահովելու դասախոսի և ուսանողի կապը էլեկտրոնային հարթակում մասնագիտական նյութերի փոխանակման, գնահատման, սեմինարների և քննարկումների անցկացման, ինչպես նաև առաջադրանքների կատարման գործընթացի վերահսկման միջոցով»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը, այնուհետև պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին:

 

Հ.Գ. «Google Classroom»-ին առավել մանրամասն կանդրադառնանք «Երևանի համալսարան» թերթի առաջիկա համարներում:

Այլ նորություններ
ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես բոլոր ֆակուլտետներում տեղի են ունեցել գիտխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստեր, որոնց ընթացքում դեկանները հանդես են եկել հաշվետվությունների ներկայացմամբ:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների այցելությունները մարզային դպրոցներ: