26.09.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն 100 ՏԱՐԵԿԱՆ Է. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ
ԵՊՀ-Ն 100 ՏԱՐԵԿԱՆ Է. ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ
ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, և իրականացվել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին մասնակցում էին  ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊՀ ղեկավարությունը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշեց, որ բացի ժամանած հյուրերի շնորհավորանքներից և մաղթանքներից, ԵՊՀ-ն 100-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել գործընկեր այլ բուհերից, որոնց ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել պաշտոնական միջոցառումներին:

 

ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանն ընթերցեց ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, որը այն հիմնարար սկզբունքների և արժեքների արտացոլումն է, որոնց վրա խարսխված է համալսարանների գործունեությունը:

 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով բոլորին, ասաց, որ մարդկության զարգացման պատմությունը նախևառաջ կրթության զարգացման պատմությունն է, քանի որ կրթությունն է յուրաքանչյուր առաջընթացի կարևորագույն նախադրյալը և նախապայմանը:

 

«Այդ մասին քաջ գիտակցել են մեր նախահայրերը, որի լավագույն ապացույցը դժվարին պայմաններում Հայաստանում համալսարանների հիմնադրումն է եղել: Այդպես էր նաև 1919 թվականին, երբ բարդագույն աշխարհաքաղաքական, պատերազմի, սովի և համաճարակի պայմաններում նախարարների խորհուրդը որոշում կայացրեց հիմնել պետական համալսարան, ինչը Հայաստանի առաջին հանրապետության ամենաշրջադարձային և կարևոր էջերից մեկն էր»,- ասաց Արարատ Միրզոյանը:

 

Նա փաստեց, որ 100 տարիների ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլև հասարակական-քաղաքական մտքի կենտրոնը:

 

Արարատ Միրզոյանը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ համալսարանի մի շարք աշխատակիցների հանձնեց պետական պարգևներ և կոչումներ՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

 

Նախագահի հրամանագրով ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր Վազգեն Սաֆարյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը՝ «Անանիա Շիրակացի» մեդալներով:

 

ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին, Քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին և Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին շնորհվեց ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլորին ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ, ասաց, որ հարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը դժվարին ուղի է անցել՝ դիմակայելով մարտահրավերների և փորձությունների, և մշտապես հաղթահարել է՝ շնորհիվ համալսարանին հատուկ այն միջավայրի, որը, ըստ նրա, այսօր էլ շարունակում է գոյություն ունենալ Մայր բուհում:

 

Նրա փոխանցմամբ, համալսարանների համընդհանուր հռչակագրի հիմնարար սկզբունքներից մեկը համալսարանական կյանքի գիտահետազոտական աշխատանքներում և դասավանդման ընթացքում ազատության պահպանումն է:

 

«Կառավարությունները և համալսարանները պետք է ապահովեն հարգանքն այդ հիմնարար պահանջի նկատմամբ՝ մերժելով անհանդուրժողականությունը: Համալսարանները պետք է պատրաստ լինեն բաց երկխոսության»,- ասաց Արայիկ Հարությունյանը և հույս հայտնեց, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի քննարկմանը համալսարանականներն ակտիվ դերակատարություն կունենան, քանի որ ԵՊՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում հիմնական լոկոմոտիվն է:

 

ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ամբիոնի վարիչ և բուհի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, որը հոբելյանի կապակցությամբ ԵՊՀ-ին նվիրեց ամենահին գտածոներից մեկի՝ 5 հազար տարվա կոշիկի կրկնօրինակը:

 

Հայաստանյան մյուս բոլոր բուհերի անունից ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստին շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, որն էլ ԵՊՀ-ին շնորհեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ոսկե մեդալ:

 

ԵՊՀ-ին հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ շնորհավորեց նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտորը, որը հայտնի նկարիչ Թաթոսի հետ միասին համալսարանին նվիրեց նկարչի աշխատանքներից մեկը:

Գիտխորհրդի հանդիսավոր նիստի ավարտին համալսարանականներին շնորհվեցին ԵՊՀ ոսկե մեդալներ: Մրցանակակիրները ներկայացված են այստեղ, նրանց շարքում էին նաև Քառօրյա պատերազմի հերոսները:

 

 Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոկտեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 30 երկրների բուհերում և գիտակրթական այլ կենտրոններում անցկացվել է «Mendeleev Lab» համաշխարհային կրթական ծրագիրը՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:
ՀՆԴԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Կիշան դան Դեվալին, որի հետ քննարկել է համագործակցության ոլորտները և ուղիները: