18.06.2020 | 
Կրթություն
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:

Տեղեկացնենք, որ դիմորդների ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի:

 

ԵՊՀ բակալավրիատում ընդունելությունը կատարվում է 54 կրթական ծրագրերի ուղղությամբ:

ԵՊՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

 

Նշենք, որ պայմանավորված մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկրի ողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ՝ միասնական քննություն հանձնող  դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտերը dimord.am կայքի միջոցով ԳԹԿ (Գնահատման և թեստավորման կենտրոն) են ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով կամ ԵՊՀ դիմորդների համար նախատեսված առանձին էլեկտրոնային փոստի հասցեին՝ dimord@ysu.am, որը հնարավորություն էր տալիս դիմորդին իր հարցերն ուղղելու գրավոր եղանակով։

 

2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլի ընթացակարգին, արդյունքներին ծանոթանալու և պարզաբանելու համար մենք զրուցեցինք ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանտու քարտուղար Արմեն Սարգսյանի հետ:

 

Վերջինս նշեց, որ դիմորդների դիմում-հայտերի ընդունման առցանց եղանակը մի քանի տարի է, ինչ եղել է Ընդունող հանձնաժողովի քննարկման թիրախում:

 

«Դեռևս անցած տարի մենք որոշեցինք մշակել դիմորդների դիմում-հայտերի լրացման առցանց եղանակը, որը հնարավորություն կընձեռեր սեղմ ժամկետներում լրացնելու և ներկայացնելու դիմում-հայտը՝ խուսափելով ավելորդ քաշքշուկից և, ինչու ոչ, ծախսերից, քանի որ դիմորդները, որոնց համար Երևան հասնելը որոշակի ծախսերի և ժամանակի հետ էր կապված, դիմում-հայտի լրացման համար մեզ մոտ էին գալիս հեռավոր մարզկենտրոններից ու գյուղերից,- նշեց Ա. Սարգսյանը և հավելեց,- ըստ այդմ՝ երկրում հաստատված արտակարգ դրությունը «նպաստեց» այդ ծրագրի հապճեպ իրականացմանը, որը, կարծում եմ, լիովին արդարացված էր»:

Այն հարցին, թե արդարացվա՞ծ էր նաև դիմորդի՝ մեկ քննությամբ բուհ ընդունվելը, և որակական ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի դա, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ուսանողները վերջին ամիսներին են իմացել, որ մեկ քննությամբ են բուհ ընդունվելու, իսկ մինչ այդ նրանք արտալսարանական պարապմունքներ են անցկացրել՝ նվազագույնը 1, առավելագույնը 3-ից 4 առարկա սովորելով: Սա միայն բուհ ընդունվելու մեթոդ է, իսկ արդյունքը երևալու է բուհում ուսանելու տարիներին: Ես վստահ եմ, որ  մեկ քննությամբ բուհ ընդունվելու ձևաչափը որևէ կերպ չի խոչընդոտելու բուհում կատարվելիք աշխատանքների որակական առաջխաղացմանը»:

Այդուհանդերձ, ըստ մասնագետի, մեկ քննությամբ բուհ ընդունվելու ձևաչափը հնարավորություն է տվել շատ դիմորդների փորձելու իրենց ուժերը, ինչն էլ հանգեցրել է մի շարք ֆակուլտետներում առավել մեծ թվով դիմորդների միջև մրցակցությանը. «Կարծում եմ՝ այս եղանակից օգտվել են նաև անցյալ կամ նախորդ տարիներին բուհ ընդունվել ցանկացող այն դիմորդները, որոնք վստահ չեն եղել իրենց ուժերին կամ տարբեր պատճառներով չեն դիմել»:

Տեղեկացնենք, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծ է դիմորդների թիվը հետևյալ կրթական ծրագրերում՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (451), Իրավագիտության (502), , Միջազգային հարաբերությունների (253), ինչպես նաև «Միջմշակութային հաղորդակցություն. անգլերեն» մասնագիտության գծով (188): 


Առցանց ընդունելության դիմում-հայտերի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://dimord.am/unimovement?fbclid=IwAR3neMouHW2LVixZM9D6swVgVGoo2gC6uUmumpDMU1fHVM0QUdOwAGRv8Ww:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի համոզմամբ, երկրում հաստատված արտակարգ իրավիճակն ու դրանից բխող քայլերը կրթության ոլորտում թողել են իրենց հետևանքները:

 

Մեկ քննությամբ բուհ ընդունվելու ձևաչափը ներկայացնելիս Գ. Ղազինյանն առանձնացրեց մի քանի հանգամանք. «Նախ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները պետք է քննություն հանձնեն քննական երեք առարկաներից թերևս ամենաբարդից՝ «Հայոց պատմությունից», չնայած պետք է արձանագրել, որ երեք առարկաներից («Հայոց լեզու», «Օտար լեզու», «Հայոց պատմություն») որևէ մեկը մեր մասնագիտության հետ ուղիղ առնչություն չունի, և երկրորդ՝ դիմորդների դիմում-հայտերի նմանօրինակ քանակը մեզ հնարավորություն է տալիս ընտրելու լավագույններին»:

 

Ըստ դեկանի՝ վերոնշյալ ձևաչափով անցկացվող ընդունելության դրական կողմերից մեկն առաջին հայտով, այսինքն՝ նախընտրած մասնագիտությամբ առաջնորդվելն է. «Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի դիմորդներն առաջնորդվում են առաջին հայտով ընտրված մասնագիտությամբ, որը կարևոր է այն տեսանկյունից, որ ապագա ուսանողները դիմում-հայտերը լրացնում են՝ ըստ իրենց նախասիրության, այլ ոչ թե որտեղ կընդունեն կամ ինչպես կհաջողվի»:

 

Վերոնշյալ երեք հանգամանքն էլ, ըստ ֆակուլտետի դեկանի, կապահովի սպասվելիք լավ ընտրությունը, բացի դրանից՝ ընդունելության նմանօրինակ ձևաչափը կրթության առաջխաղացման և դրական զարգացում ապահովող առաջին քայլը կլինի:

 

«Նախորդ տարիներին հայեցակարգային մոտեցում կար աստիճանաբար հրաժարվելու ընդունելության քննություններից, որը ենթադրում էր կայացնել և բարձր ցուցանիշների հասցնել միջնակարգ կրթությունը, դպրոցները, որոնք հնարավորություն կտային բուհերին դիմորդին ընդունելու ըստ իրենց՝ դպրոցում ստացած գնահատականների ամփոփիչ արդյունքների,- նշեց Գ. Ղազինյանը և ընդգծեց,- առաջնայինն այն է, որ ամենամեծ ուշադրությունը պետք է հատկացվի դպրոցներին և դրանց կայացմանը, ինչն էլ կնպաստի բուհի՝ դիմորդների գիտելիքների հանդեպ հավատին և վստահությանը։ Այդ ամենն իր հերթին կհանգեցնի առանց որևէ քննության, հարցազրույցի կամ այլ եղանակով բուհ ընդունվելուն, ինչպես արվում է քաղաքակիրթ աշխարհում»:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դիմորդների նմանօրինակ քանակը և ֆակուլտետի ընդունելության բարձր ցուցանիշները դեկանը պայմանավորեց ֆակուլտետի հեղինակությամբ և որակյալ շրջանավարտներով. «Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօրինակ ցուցանիշը մեր ֆակուլտետի՝ տարիներ շարունակ կատարած և կատարվող աշխատանքների արդյունքն է, որի վառ օրինակը լավագույն և որակյալ կադրերի առկայությունն է»:

 

Մեզ հետ զրույցը Գագիկ Ղազինյանն ամփոփեց ֆակուլտետի ապագա դիմորդներին և ուսանողներին ուղղված կոչով ու խորհրդով. «Ես մշտապես ասել և ասելու եմ՝ այն դիմորդի կամ ուսանողի համար, որն ունի երկու հատկանիշ՝ մեծ ցանկություն և ներուժ՝ լավ իրավաբան դառնալու, ֆակուլտետն անվերապահորեն ապահովելու է երրորդը՝ որակյալ կրթությունը»:

 

Դեկանի հավաստմամբ, հենց վերոնշյալ երեք հատկանիշներն են լավ արդյունքի գրավականը. «Մեր դիմորդներն արդեն ունեն մեծ ցանկություն, որի մասին խոսում է հայտագրումների նմանօրինակ թիվը, հույս ունենք՝ ներուժը կերևա ուսանելու տարիներին, իսկ որակյալ կրթությունը կապահովենք մենք՝ նպաստելով լավագույն կադրերի ստեղծմանը»:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիմորդ Ռոբերտ Սարգսյանի խոսքով, որը միասնական քննություն հանձնելու է «Հայոց պատմություն» առարկայից, միայն մեկ քննությամբ բուհ ընդունվելը, որքան էլ լավ է հնչում և դյուրին է թվում, այնուամենայնիվ, մի շարք դժվարություններ է ի հայտ բերում:

«Նախքան արտակարգ իրավիճակ հայտարարելը նախընտրածս ֆակուլտետ ընդունվելու համար ես արտալսարանական պարապմունքներ էի անցկացնում երեք առարկայից՝ ուժերս հավասարաչափ բաշխելով և փորձելով դրանք հնարավորինս լավ յուրացնել: Այժմ հանձնելու եմ միայն մեկ քննություն. պարզ է, որ մնացյալ երկու առարկան պարապելն այսքան ժամանակ եղել է ուժերի և ժամանակի վատնում: Եվ հարց է առաջանում, որ եթե մեկ առարկան հանձնելու ենք՝ պահպանելով պարետատան սահմանած կանոնները, այն է՝ սոցիալական հեռավորություն, դիմակի կրում  և այլն, ինչու՞ չենք կարող նույն տրամաբանությամբ մյուս առարկաները ևս հանձնել»,- ասաց դիմորդը:

 

Ռոբերտը նշեց, որ վերոնշյալն ավելացրել է նաև իր ընտրած ֆակուլտետ ընդունվելու դժվարությունները. «Իրավագիտության ֆակուլտետը մշտապես աչքի է ընկել մեծաթիվ դիմորդներով, և կարծում եմ՝ այս տարի ևս այդ խնդրի առջև ենք կանգնելու, հատկապես, երբ խոսքը մեկ քննությամբ բուհ ընդունվելու մասին է»:

 

Այդուհանդերձ, մի կողմ թողնելով թվացյալ դժվարությունները, դիմորդը հավատում է, որ շուտով Մայր բուհի ուսանող է դառնալու՝ համալրելով իրավագետների  շարքերը:

Հիշեցնենք, որ միասնական քննություններն անցկացվելու են  հուլիսի 1-10-ը, իսկ հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին:

Արդյունքները հրապարակելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են հուլիսի 20-22-ը մասնակցել թափուր տեղերի (լրացուցիչ փուլի) մրցույթին:

 

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը: