27.05.2020 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:

Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ այլ բուհերի շրջանավարտները:

 

Գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն՝ առկա ուսուցման ձևով մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է երկու փուլով:

 

Մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 5-ից մինչև հուլիսի 6-ն առցանց` https://admission.ysu.am/ կայքի միջոցով:

 

Ընդունելության առաջին փուլում անվճար և վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 և բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է առնվազն 13:

 

Ընդունելության առաջին փուլի քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հուլիսի 8-ից 9-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա հուլիսի 10-ին:

 

Մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերն առցանց ընդունվելու են ընթացիկ տարվա հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը (https://admission.ysu.am/ կայքի միջոցով)։ Այս փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա օգոստոսի 26-28-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին:

 

Երկրորդ փուլում վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի (առկա և հեռակա ուսուցման ձևերի) շրջանավարտները:

 

Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտերն առցանց լրացնելու համար անհրաժեշտ է այցելել https://admission.ysu.am/ կայք, այնուհետև «Նոր հայտ» բաժնում նշել ավարտած բուհը։ ԵՊՀ շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար պետք է մուտքագրի համալսարանի իր էլեկտրոնային փոստի հասցեն (մուտքանուն@ysumail.am): Այլ բուհերի շրջանավարտները դիմում-հայտը լրացնելու համար կարող են մուտքագրել ցանկացած այլ էլեկտրոնային փոստի հասցե։

 

Մուտքագրելուց հետո պետք է սեղմել «Ստանալ ակտիվացման ծածկագիրը» կոճակը, ինչից հետո նշված էլ. փոստի հասցեին կուղարկվի նամակ, որում առկա կլինի ակտիվացման ծածկագիրը։ Ստացված ծածկագրի մուտքագրումից հետո կբացվի գրանցման պատուհանը, որը ներառում է 7 քայլ։

 

ԵՊՀ շրջանավարտների դեպքում համակարգը կլրացնի որոշ դաշտեր, որոնք փոփոխման ենթակա չեն լինի։ Հաջողությամբ հայտը լրացնելուց և գրանցվելուց հետո նշված էլ. փոստի հասցեին կուղարկվի հայտի բանալին, որով հետագայում հնարավոր կլինի փոփոխել կամ չեղարկել հայտը։

 

Տեղեկացնենք, որ ակտիվացման ծածկագիրն ակտիվ կլինի 90 րոպե։

 

Այստեղ նշված են ԵՊՀ 2020-21 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսման վարձի չափերը՝ ըստ մասնագիտությունների: Հայտնի են նաև ՀՀ բուհերի 2020-2021 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

 

Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարերը ներկայացված են այստեղ:

 

Հարցերի դեպքում կարող եք գրել ԵՊՀ մագիստրատուրայի էլ. փոստի հասցեին՝ edumag@ysu.am:

 

ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

 


Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: