05.02.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱԱԾ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱԱԾ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ Հովհաննես Կարումյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավական հիմք հաղորդելով երկու կառույցների միջև համագործակցությանը:

Հուշագրի ստորագրման արարողությանը, որին ներկա էին երկու կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ այս նախաձեռնությունը կարևոր փուլ է հանդիսանալու համագործակցության համար. «Մենք այսօր մեր համագործակցությանն իրավական հիմք ենք տալիս, որի հիման վրա պետք է շարունակենք խորացնել այն»:

 

Գագիկ Ղազինյանը նշեց, որ համագործակցության հուշագրի նախագիծը մի քանի անգամ փոխանակվել է, ուսումնասիրվել, լրացվել և այսօր ստորագրվող բովանդակությամբ լիովին բավարարում է այն առաջնահերթությունների պահանջներին և ցանկություններին, որոնք այս պահին առկա են երկու կառույցներում:

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը փաստեց, որ հուշագրով հաստատված համագործակցության ուղղություններն այս պահի դրությամբ ամբողջական են, բայց դրանք հետագայում կարող են լրացվել և իրականացվել:

 

 

Գագիկ Ղազինյանը նշեց, որ ինչպես կենտրոնն ունի ֆակուլտետի ներուժի կարիքը, այնպես էլ ֆակուլտետը՝ կենտրոնի. «Գաղտնիք չէ, որ մեր ֆակուլտետն արդեն բավական երկար ժամանակ որդեգրել է ուսանողներին պատշաճ տեսական գիտելիքների հիման վրա գործնական հմտությունների մատուցման քաղաքականություն, և կարծում եմ՝ կենտրոնի հետ մեր համագործակցությունը նպաստելու է այդ նպատակի իրականացման արդյունավետությանը»:

 

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ Հովհաննես Կարումյանը նշեց, որ համագործակցության հուշագիրը կարևոր է, քանի որ երկու կառույցները պատրաստում են երիտասարդ իրավաբաններ, իրավական համակարգի աշխատակիցներ, որոնց իրավական գիտելիքների բարձր որակը պետք է հավուր պատշաճի ապահովել:

 

«Հիմնական ուղղությունը, որով աշխատում է ԱԱԾ-ն, օպերատիվ աշխատանքն է, այդ աշխատանքը կատարելիս երբեք և ոչ մի օր չի կարելի մոռանալ, որ այն պետք է իրականացնել միայն օրինական ճանապարհներով»,- ասաց Հովհաննես Կարումյանը և վստահեցրեց, որ հուշագրի ստորագրումից հետո երկու կառույցների միջև համագործակցությունը կլինի շատ ավելի համակարգված և արդյունավետ:

 

 

Տեղեկացնենք, որ համագործակցության հուշագրի համաձայն՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը համատեղ իրականացնելու են ազգային անվտանգության ապահովման ոլորտում գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի ու դրանց առանձին դրույթների իրավական փորձաքննություն, վերլուծություն, դրանց վերաբերյալ գիտականորեն հիմնավորված եզրակացություն,  կազմակերպելու են ոլորտում գործող օրենսդրության կատարելագործման հարցերով քննարկումներ, խորհրդատվություններ և այլ միջոցառումներ:

 

Բացի դրանից՝ երկու կառույցների մասնագետները ներգրավվելու են ուսումնական աշխատանքներին՝ հնարավորություն ստանալով առանձին թեմաներով հանդես գալու դասախոսություններով: Ըստ հուշագրի՝ Իրավագիտության ֆակուլտետի դասախոսները ներգրավվելու են կենտրոնում դասավանդվող դասընթացների մշակման, դրանց համար անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերի պատրաստման, կենտրոնի համար կադրեր պատրաստելու և վերապատրաստելու աշխատանքներին:

 

 

Իրավագիտության ֆակուլտետը, հուշագրի համաձայն, կենտրոնի կողմից երաշխավորված աշխատակիցներին որպես գիտական աստիճանի հայցորդ ձևակերպելու կամ ասպիրանտուրայի ընդունելության գործընթացում ցուցաբերելու է մեթոդական օժանդակություն:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԻՄԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի է ունենում քիմիայի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ
ՀՀ գիտության կոմիտեի և Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL-ի) միջև պայմանագրի շրջանակում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը մասնակցում է միջազգային երկու ծրագրերի, որոնց նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն և ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության ուսումնասիրություն: