26.10.2007 | 
Գիտություն
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի կազմակերպած միջազգային գիտագործնական գիտաժողովը:

«Հոգեբանության դասավանդման ժամանակակից հիմնախնդիրները բարձրագույն եւ միջնակարգ կրթական համակարգերում» թեմայով գիտաժողովը նախագահում է ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

«Այս գիտաժողովը կարելի է պատմական իրադարձություն համարել ինչպես ֆակուլտետի եւ համալսարանի, այնպես էլ երկրի գիտական կյանքում: Այն կոչված է ամփոփելու հոգեբանության բաժնի` անցած 15 տարվա դասավանդման փորձը եւ գտնելու ուղիներ` եղած դժվարությունները հաղթահարելու համար»,-նշեց ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Միրզոյանը: 

Երկօրյա գիտաժողովին հայաստանցիներից բացի մասնակցում են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Գիտաժողովից հետո լույս կտեսնի ժողովածու, որտեղ կտպագրվեն նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչների թեմատիկ թեզիսները::


Գիտաժողովի բացման ելույթներից հետո IGEFA հիմնադրամի խորհրդի անդամ Մոլի Ֆրիմենը Իրինա Գյուլզադյանի անունը կրող հիմնադրամի կողմից կրթաթոշակներ հանձնեց ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի 10 ուսանողների: Արդեն չորրորդ տարին իրականացվող միջոցառման ժամանակ մրցանակակիրներից չորսը ստացան մինչեւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւներ:

Մրցանակաբաշխությունից հետո տեղի ունեցավ ԵՊՀ ԻԳԵՖԱ կիրառական հոգեբանության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Նորաբաց կենտրոնը ստեղծվել է IGEFA հիմնադրամի անմիջական աջակցությամբ:

«Կենտրոնի հիմնական նպատակն է օգնել ԵՊՀ մագիստրատուրան ավարտած ուսանողներին աշխատանքային փորձ ձեռք բերելու: Մենք կարեւորում ենք նաեւ շարունակական ուսուցումը, եւ կենտրոնն ամեն կերպ կաջակցի նաեւ ոլորտում արդեն իսկ գործող մասնագետներին` վերապատրաստվելու, նոր հմտություններ ձեռք բերելու գործում»,- տեղեկացրեց կենտրոնի գործադիր տնօրեն Ինգա Մանուկյանը:

«Կարծում եմ, տեսական մասը կորեւորելով, ընդգծելով եւ պահպանելով հանդերձ, մենք այսօր խնդիր ունենք ավելի շատ մտածել մասնագիտության կիրառական ոլորտի մասին: Մեր մասնագետներն այսօր կիրառական ոլորտում գործելու խնդիրներ ունեն: Վստահ եմ` նորաբաց կենտրոնը իր զգալի ներդրումը կունենա այդ խնդրի լուծման գործում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։