22.08.2019 | 
Քաղաքականություն
«ԵՊՀ-Ն՝ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ԲՈՒՀ, ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ». ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՅԵԴ ՔԱԶԵՄ ՍԱՋԱԴԻՆ
«ԵՊՀ-Ն՝ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ԲՈՒՀ, ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ». ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՅԵԴ ՔԱԶԵՄ ՍԱՋԱԴԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որը շուտով ավարտում է իր աշխատանքային լիազորությունները Հայաստանի Հանրապետությունում:

Հանդիպմանը ներկա էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Երևանի պետական համալսարանի և Իսլամական ազատ համալսարանի միջև սերտ համագործակցության, չորս տարվա ընթացքում անցկացված գիտաժողովների, սեմինար-քննարկումների և հետագա զարգացման հեռանկարների մասին:

 

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է լինելու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, կողմերի միջև շարունակական է լինելու սերտ համագործակցությունը. «Հույս ունեմ, որ Ձեր դիվանագիտական աշխատանքները շարունակվելու են այլ երկրներում և ավելի արդյունավետ են լինելու»:

 

Շնորհավորելով Գ. Գևորգյանին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Սեյեդ Քազեմ Սաջադին հույս հայտնեց, որ  Գ. Գևորգյանն այս պաշտոնում հետամուտ է լինելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: «Հրաշալի հարաբերություններ են ձևավորվել Երևանի պետական համալսարանի և Թեհրանի  համալսարանի միջև: Մենք ունենք մոտավորապես 400 ուսանող, որոնք ուսումնառում են բժշկական և ոչ բժշկական բուհերում: Հուսով եմ, որ բուհի գիտական մակարդակը համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին՝ մենք կկարողանանք ավելի շատ ուսանողներ ուղղորդել հայաստանյան բուհեր»,- ընդգծեց դեսպանը:

 

 

Նա հստակեցրեց նաև, որ ԵՊՀ-ում պարսկերեն սովորող ուսանողներին դեսպանատունն աջակցում և նրանց համար որոշակի քայլեր է ձեռնարկում:

Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրեց, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի նախաձեռնությամբ և դեսպանատան աջակցությամբ ուսանողները մեկնում են Իրան և ծանոթանում իրանական մշակույթին, հազարամյա պատմությանը և քաղաքական մտքին: 

 

«ԵՊՀ-ն՝ որպես Մայր բուհ, մեծ դերակատարում ունի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու գործում։ Կարծում եմ, որ դասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելով, սեմինար-քննարկումներ, գիտաժողովներ անցկացնելով՝ մենք կկարողանանք գիտական և մշակութային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնել»,- հայտնեց դեսպանը:

 

 

Բարձր գնահատելով ԵՊՀ-ի դերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ վերջինս հույս հայտնեց, որ կկազմակերպվեն գիտաժողովներ և սեմինարներ, որոնց միջոցով ուսանողները կծանոթանան երկու երկրների կրոններին. «Այս կերպ մենք կխթանենք նաև առևտրատնտեսական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացումը. իսլամը խաղաղության կրոն է»:

 

Ի պատասխան այս մտքին՝ Գ. Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի, ինչպես նաև իրանագիտության ամբիոնի ուսանողները պատրաստակամ և շահագրգիռ են ծանոթանալու և մանրամասն ուսումնասիրելու իսլամը: 
 

Հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կողմերի՝ հեռանկարային համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը բարձր գնահատեց նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը: 

Վերջինս խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կյանքի են կոչվել վերջին 4 տարիների ընթացքում:

 

Հանդիպման ավարտին Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց սեպտեմբերի վերջին կայանալիք՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, ինչպես նաև Սեյեդ Քազեմ Սաջադիին նվիրեց ԵՊՀ  հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված հուշանվերներից մեկը:  


Պատրաստեց Անգին Խաչատրյանը

Այլ նորություններ
«ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին:
ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի նիստ՝ օրակարգային և ընթացիկ մի շարք հարցերով: