03.02.2023 | 
Կրթություն, Հասարակություն
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:

Դեսպան Բ. Իմանբաևը, անդրադառնալով հայ-ղազախական բարեկամության ամրապնդման գործում ԵՊՀ-ի ունեցած կարևոր դերին, ընդգծեց. «Այս գրքերն ընթերցողին հնարավորություն կտան համապարփակ պատկերացում կազմելու Ղազախստանի պատմության, ներկայիս քաղաքական ու տնտեսական միտումների և զարգացումների մասին»:

 

Մատնանշելով ԵՊՀ ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի և մասնավորապես թյուրքագիտության ամբիոնի աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցությունը՝ դեսպանը երախտագիտության խոսք հայտնեց նրանց արդեն իսկ իրագործված և ակնկալվող համատեղ ծրագրերի համար:

 

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը և դեսպանությանը՝ ամբիոնի աշխատանքների հանդեպ մշտական ուշադրության, արդյունավետ համագործակցության և ԵՊՀ դասախոսներին Ղազախստանի պետական բարձր պարգևների արժանացնելու համար:

 

«Հայ թյուրքագետներն ու բանաստեղծ-թարգմանիչները կշարունակեն ակտիվորեն համագործակցել ղազախ գործընկերների և գրչեղբայրների հետ՝ ղազախական բանահյուսության նմուշների՝ հայերեն թարգմանության և ակադեմիական հրատարակության, ինչպես նաև հայատառ ղփչաղերեն ձեռագրերի պատմաբանասիրական ուսումնասիրության բնագավառներում»,- վստահեցրեց Ա. Սաֆարյանը:

 

 

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ֆակուլտետի ասպիրանտներն ու ուսանողները:

 

Դեսպանին ուղեկցում էին Ղազախստանի դեսպանատան առաջին քարտուղար Զ. Շախմանովան և Ղազախստանի դեսպանատան հյուպատոս, երրորդ քարտուղար Ռ. Ալինխանը:

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ: