09.01.2019 | 
Հասարակություն
ՆՈՐ ՍԱՐՔ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՆԻՀԱՐԵԼ
ՆՈՐ ՍԱՐՔ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՆԻՀԱՐԵԼ
Գիտնականները ստեղծել են նոր իմպլանտ, որի օգնությամբ լաբորատոր առնետների մի խումբ 100 օրում կորցրել է նախապես սահմանված քաշը:

«Nature Communications»հանդեսի վերջին համարում «Wisconsin-Madison» համալսարանի (UWM) ինժեներները նկարագրել են այն նոր սարքը, որն օգնում է կորցնել ավելորդ քաշը: Ըստ մասնագետների՝ այն ավելի նվազ ինվազիվ է, քան վիրահատությունը և ավելի արդյունավետ, քան դիետաներն ու մարզանքները:

 

Մեկ մմ հաստությամբ իմպլանտը դրսի կողմից փակցվում է ստամոքսին և օգտագործում ստամոքսի շարժումներից գեներացված ուժ՝ ճնշելով քաղցի զգացողությունը:

 

Առնետները, որոնց ամրացվել է իմպլանտը, 100 օրում կորցրել են իրենց մարմնի զանգվածի 38 տոկոսը, մինչդեռ վերահսկվող առնետների այն խումբը, որին չի հատկացվել իմպլանտը կամ ամրացվել է դրա կեղծ տարբերակը, ընդհանրապես քաշ չի կորցրել:

 

«Երբ մենք ինչ-որ բան ենք ուտում, ստամոքսը սկսում է մարսել ու ալիքաձև շարժվել: Հենց այդ շարժումն է ակտիվացնում մեր սարքը,- պարզաբանում է նոր իմպլանտի հեղինակներից Սյու Դո Վանը, որը «Wisconsin-Madison» համալսարանում ուսումնասիրում է նանոէլեկտրական համակարգեր և կենսամեխանիկական էներգիա,- այն ծրագրի կարիք չունի, քանի որ օգտագործվում է օրգանիզմի բնական գործառույթը»:

 

Ըստ մասնագետների՝ ամբողջ աշխարհում ավելորդ քաշի խնդիրն արդեն համաճարակի է վերածվում: Միայն ԱՄՆ-ում ավելի քան 90 միլիոն մեծահասակներ ունեն այս խնդիրը, իսկ ամբողջ աշխարհում ավելորդ քաշի խնդրով տառապող մեծահասակների թիվը գնահատվում է շուրջ 650 մլն մարդ: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ գիրության պատճառով արձանագրված մահերն ավելի շատ են, քան թերքաշության (բացառությամբ Ասիայի և Աֆրիկայի որոշ հատվածների):

 

Չնայած կենսաոճերի բազմազանությանը, դեղամիջոցների կիրառմանն ու վիրահատական միջամտություններին՝ ավելորդ քաշի խնդիրն այսօր դեռևս մնում է արդիական, այդ պատճառով առավել անվտանգ և ոչ թանկարժեք լուծումների որոնումը շարունակվում է:

 

«Wisconsin-Madison» համալսարանի մասնագետների կողմից ստեղծված այս նոր սարքը հիմնված է փորձված և ստուգված կենսաբանական մեխանիզմի վրա. ստամոքսից ուղեղ հասնող ազդանշանները մանիպուլացվում և վերափոխվում են: Մարդկանց և խոզերի օրգանիզմների հետազոտությունները ցույց են տվել, որ թափառող նյարդի ազդանշանի արգելակումը նպաստում է քաշի նշանակալի կորստի, էներգետիկ նյութափոխանակության դրական փոփոխությունների և արյան մեջ շաքարի վերահսկման:

 

Այժմ առկա է Սննդի և դեղորայքի կազմակերպության (FDA) կողմից հավանության արժանացած իմպլանտ (ReShape vBloc), որը բարձր հաճախականությամբ էներգիայի միջոցով խոչընդոտում է թափառող նյարդի և ուղեղի միջև հաղորդակցությունը: Բայց դեռ կատարելագործման անհրաժեշտություն կա, որովհետև սարքը հենվում է հսկողության մեծ միավորի և մարտկոցների վրա, որոնք պետք է հաճախակի լիցքավորել:

 

Իսկ ահա Սյու Դո Վանի սարքը չունի ոչ մարտկոցներ, ոչ կառավարման վահանակ և ոչ էլ բարդ էլեկտրոնիկա: Շերտավոր պոլիմերների ճկուն ուղղանկյունը, պատված կենսունակ ծածկույթով, ստամոքսի բնական շարժումներից գեներացնում է մոտավորապես 0,1-0,5 վոլտ: Համեմատաբար մյուս սարքերի՝ այդ ուժը մեծ չէ, բայց թիմը գտել է, որ դա բավական է, որ նյարդը ստիմուլացվի և ամբողջական ազդանշաններ ուղարկի դեպի ուղեղ, ինչը հանգեցնում է ուղեղի արձագանքին և քաշի կորստին:

 

Բացի դրանից՝ գիտափորձերի ժամանակ հայտնաբերվել է, որ կորցրած քաշը կարելի է վերականգնել: Երբ ինժեներներն առնետների ստամոքսից հանել են սարքերը, կենդանիները կրկին վերադարձել են իրենց նորմալ քաշին. «Գործընթացը լիովին շրջելի է՝ ի տարբերություն շատ բարիատրիկ վիրահատությունների»,- ասում է Սյու Դո Վանը:

 

100-օրյա գիտափորձի ժամանակ սարքերը կայուն և անվտանգ են եղել առնետների օրգանիզմներում: Թիմը հաջորդիվ պլանավորում է նոր իմպլանտները տեղադրել խոզերի օրգանիզմներում, որոնց մարմնի զանգվածը շատ ավելի մոտ է մարդկանց մարմնի քաշին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
Արի՛ ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգին
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված համերգին, որի ժամանակ ելույթ են ունենալու Aram MP3-ն, Գոռ Սուջյանը և DJ Շանթը։
ԱՈՒԴԻՈԳՐՔԵՐ. ՀԵՇՏ Է ԼՍԵԼ ԹԵ՛ ՏԱՆԸ, ԹԵ՛ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Գերծանրաբեռնված առօրյայի, ազատ ժամանակի սակավության պայմաններում մարդիկ հաճախ ստիպված են լինում մի քանի գործողություն միաժամանակ անել: Ընթերցելու համար ժամանակ գտնելն այսօր շատ ավելի բարդ է, քան երբևէ: Ժամանակը խնայելու, բայց միաժամանակ սիրելի վեպերը վերանայելու կամ նորերն ընթերցելու համար մեզ օգնության են հասնում աուդիոգրքերը: Եթե գիրք կարդալու ժամանակ չունեք, այն կարող եք լսել տրանսպորտում, ավտոմեքենայի ղեկին, քայլելիս, ճաշ պատրաստելիս, լողավազանում՝ հատուկ ականջակալներով: