16.10.2017 | 
Հասարակություն
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մի շարք դասախոսների համար կազմակերպվել էր ցերեկույթ:

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստի շրջանակում կազմակերպված ցերեկույթի ընթացքում դեկան Սամվել Աբրահամյանը ներկայացրեց այն դասախոսներին, ովքեր անցնում են վաստակած հանգստի:

 

«Հարգելի՛ գործընկերներ, սրտանց ձեզ քաջառողջություն և երջանկություն եմ մաղթում: Շնորհակալ ենք ձեր անձնուրաց աշխատանքի և երիտասարդ համալսարանականների ճիշտ դաստիարակության համար: Դուք միշտ սպասված հյուր կլինեք ֆակուլտետում»,- ասաց Սամվել Աբրահամյանը և հատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորատին՝ ի դեմս ռեկտոր Արամ Սիմոնյանի, շնորհակալագրերի և հուշանվերների պատրաստման գործում աջակցելու համար:

 

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ևս արժևորեցին և գնահատեցին երկարամյա մանկավարժների վաստակը:

 

«Մեր վաստակաշատ դասախոսները, հիրավի, մեծ ներդրում ունեն կրթության զարգացման գործում: Դուք մշտապես կվայելեք ոչ միայն մեր, այլև ուսանողների հարգանքը: Վստահ եմ՝ դեռ կշարունակեք գիտական գործունեությունը, ինչը, անշուշտ, ուրախալի է»,- նշեց Անգլերեն լեզվի թիվ մեկ ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը:

 

Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանն էլ ընդգծեց, որ հուզմունքով և ափսոսանքով է հրաժեշտ տալիս ավագ գործընկերներին. «Հեշտ չէ այսօր հրաժեշտ տալ մեր լավագույն կադրերին, սակայն կյանքն իր բնականոն հունով է ընթանում: Շնորհակալ ենք ձեզ մեծ նվիրումով կատարած աշխատանքի և, իհարկե, արդյունքների համար: Շարունակե՛ք լինել մեր կողքին՝ աջակցելով մեզ ձեր խորհուրդներով և տարիների ընթացքում կուտակած հսկայական գիտամանկավարժական փորձով»:

 

Ելույթներից և երախտագիտության խոսքերից հետո Սամվել Աբրահամյանը երկարատև ամբասիր և արդյունավետ աշխատանքի, համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհակալագրեր ու ԵՊՀ խորհրդանիշներով հուշանվերներ հանձնեց Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի դասախոսներ Սիլվա Խասապետյանին, Ադրիանա Վարդյանին, Ժաննա Ասադյանին, Անահիտ Մինասյանին, Գայանե Հարությունյանին, ինչպես նաև Նորա Համբարձումյանին (Անգլիական բանասիրության ամբիոն), Իրինա Գասպարյանին (Ռոմանական բանասիրության ամբիոն) և Լյուդմիլա Հովհաննիսյանին (Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն):

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: