29.03.2017 | 
Հասարակություն
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ռեկտորն ու Հայաստանում «Beeline» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագրի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց Հայաստանում «Beeline» ընկերության ներկայացուցիչների հետ, իսկ քննարկման առանցքում կառույցների միջև փոխգործակցության ծավալումն ու ակտիվ զարգացումն էին:

 

ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու ներկայումս ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ոլորտների կազմակերպությունների գործունեությանը և կադրային քաղաքականությանը:

 

«Մենք միշտ պատրաստ ենք և ունենք բոլոր հնարավորությունները կադրերի պատրաստման և պրակտիկայի ձեռքբերման տեսանկյունից ընդլայնելու մեր համագործակցությունը ՀՀ-ում խոշոր գործատուների հետ: Այսօրվա հուշագիրը, վստահ եմ, նոր և արդյունավետ փոխգործակցության համար կարևոր խթան կհանդիսանա»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, կենտրոնի այլ աշխատակիցներ:

 

«Յուրաքանչյուր պետության զարգացման և կայացման համար կարևորագույն նախապայմաններից է կիրթ և խելացի երիտասարդություն ունենալը: Եվ քանի որ մենք գործում ենք Հայաստանում և մեր ընկերության ապագան նույնպես կախված է երիտասարդ կադրերից, մենք, անկասկած, նույնպես հետաքրքրված ենք Հայաստանի առաջատար բուհի հետ համագործակցությամբ»,- նշեց Ա. Պյատախինը և հավելեց, որ «Beeline» ընկերությունը պատրաստ է ուսանողների համար լինել այն կառույցը, որտեղ նրանք կարող են ձեռք բերել գործնական հմտություններ և կայանալ որպես մասնագետներ:

 

Այնուհետև «Beeline» ընկերության գլխավոր տնօրենը համալսարանական ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման փուլերն ու ժամանակակից միտումները, «Beeline» ընկերության գործունեությունն, ինչպես նաև Հայաստանում ու ընդհանրապես աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի միջազգային խոշորագույն ընկերությունների մրցակցության կանոններն ու հմտությունները:

 

Հավելենք, որ «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ լավագույնները ծրագրում ընդգրկված կազմակերպությունների կողմից կստանան պրակտիկայի կամ աշխատանքի առաջարկ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների թոռների ու ծոռների հետ։
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արամ Մանուկյան նամականի (1904-1915)» գրքի շնորհանդեսը: