24.09.2018 | 
Գիտություն
«ԳՐԱԲԱՐՅԱՆ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ
«ԳՐԱԲԱՐՅԱՆ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր,ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանի «Գրաբարյան դարձվածքների ձևաիմաստային և կառուցվածքային քննություն. դրանց դրսևորումները արդի արևելահայերենում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:

Խոսելով աշխատության մասին՝ Աբաջյանը  նշում է, որ գրաբարյան դարձվածքների ուսումնասիրությունը մնացել է ստվերում. «Գրաբարով ավանդված բազմադարյա ինքնուրույն և թարգմանական գրականությունը հարուստ է դարձվածքներով, որոնց ուսումնասիրությունը ցարդ պատշաճ խորությամբ չի կատարվել ոչ միայն տարաժամանակյա, այլև համաժամանակյա կտրվածքներով»:

Ըստ այդմ՝ գիտական թեմայի նպատակն է քննել գրաբարով ավանդված հայոց մատենագրության մեջ վկայված դարձվածքներն իրենց պատմական զարգացման ընթացքում. «Նախատեսվում է իբրև սկզբնաղբյուր ներառել 5-11-րդ դարերի թարգմանական և ինքնուրույն՝ պատմագիտական, դավանաբանական, մեկնողական և այլ բնույթի աշխատությունները, որոնց հաջորդելու են գրաբարով գրված՝ 12-18-րդ դդ. ստեղծված գործերը»:

Աբաջյանը տեղեկացրեց նաև, որ հեղինակային երկերից առանձնացված դարձվածքները հետազոտվելու են արտահայտության և բովանդակության մակարդակներում, քննվելու են և՛ համաժամանակյա, և՛ տարաժամանակյա մոտեցմամբ. «Սրա շնորհիվ բացահայտվելու են գրաբարից մինչև արդի գրական արևելահայերեն ընկած ժամանակահատվածում հայերենի բառապաշարում և լեզվամտածողության մեջ կատարված տեղաշարժերը»:

Վերոնշյալ թվարկումներից զատ՝ ուսումնասիրվելու և դասակարգվելու են երկբաղադրիչ, բազմաբաղադրիչ, մենիմաստ, բազմիմաստ, հոմանիշ և հականիշ գրաբարյան դարձվածքների շարքերը, դրանց պատմական զարգացումն արևելահայերենում. «Գրաբարյան դարձվածքները պետք է ուսումնասիրվեն լեզվաբանության արդի մոտեցումներին համապատասխան՝ որպես երկպլանային միավորներ, հստակ կառուցվածքային կաղապարներով և դրանց բնորոշ բովանդակային առանձնահատկություններով»:

Աննա Աբաջյանն ասաց, որ ուսումնասիրության ընթացքում կիրառվելու են նկարագրության և համեմատության համաժամանակյա և տարաժամանակյա մեթոդները. «Նախատեսում ենք հնարավորինս ընդգրկուն զուգադրահամեմատական հետազոտություն կատարել, որի ընթացքում գրաբարյան դարձվածքները ներկայացվելու են իմաստաբանական, քերականական, կառուցվածքային վերլուծությամբ»:

Աննա Աբաջյանի «Գրաբարյան դարձվածքների ձևաիմաստային և կառուցվածքային քննություն. դրանց դրսևորումները արդի արևելահայերենում» գիտական թեմայի ուսումնասիրության խմբում են բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Նարինե Դիլբարյանը, Անահիտ Յուզբաշյանը, և ամբիոնի ասպիրանտ  Քնար Հարությունյանը, ում աշխատանքն առնչվում է գիտական թեմային:

 

«Մեր առաջարկած գիտական թեմայի սահմաններում հետամուտ ենք լինելու վեր հանել գրաբարյան դարձվածքների ողջ հարստությունը, ներկայացնել նրանց իմաստակառուցվածքային, ձևաբանական, շարահյուսական, ոճական առանձնահատկությունները, տարբերակել ինքնուրույն և թարգմանական դարձվածքները: Բացահայտել արդի արևելահայերենի դարձվածային համակարգում գրաբարյան դարձվածքների ունեցած ազդեցությունը»:

Այն հարցին, թե ինչպիսին կլինի աշխատության վերջնարդյունքը,Աբաջյանը պատասխանեց. «Ստեղծված վերջնարդյունքը կունենա թե՛ լեզվաբանական և թե՛ հայագիտական, մշակութաբանական լայն նշանակություն. կլինի գրաբարյան դարձվածքների և դրանց արդիարևելահայերենյան համարժեքների ընդգրկուն նկարագրություն ու քննություն, ինչպես նաև շտեմարան, որի միջոցով հնարավոր կդառնա պատմական դարձվածաբանության երկու մեծ շրջանների ամբողջացումը»,- եզրափակեց ամբիոնի վարիչը:


Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ․ ՊԱՅՔԱՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
21-րդ դարում արհեստական ինտելեկտը հեղեղել է աշխարհը․ խելացի սարքավորումներ, մեքենաներ, տներ, մարդիկ։ Ի՞նչ կարելի է սպասել այս տեմպով զարգացող տեխնոլոգիաներից։ Հարցի մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Սամսոն Դավոյանի հետ։
«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը: