20.11.2017 | 
Հասարակություն
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԲԱՔՎԻՑ՝ ԱՄՆ. ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում համալսարանականները հանդիպեցին ամերիկահայ գրող, դասախոս, իրավ. գիտ. թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից:

 

Աննա Աստվածատուրյանը սկզբում հակիրճ խոսեց իր կյանքի և ընտանիքի պատմության մասին: Նա ծնվել և մեծացել է Բաքվում:

 

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իմ ընտանիքում բոլորը ծնվել են Բաքվում և ապրել են այնտեղի բոլոր հայերի նման: Քաղաքը կառուցվել է մեծապես հայերի կողմից, և հենց հայերն են Բաքվում նավթաարդյունաբերության հիմնադիրները: Հայերը Բաքվի ինտելեկտուալ վերնախավն էին զբաղեցնում»,- նշում է Աննա Աստվածատուրյանը:

 

Ամերիկահայ գրողը հանդես եկավ դասախոսությամբ և ուսանողներին ներկայացրեց նաև իր հեղինակած «Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմություն» գիրքը:

 

Արցախյան շարժման տարիներին տասնամյա Աննային իր տատիկը խորհուրդ է տալիս գրի առնել իր մտքերն ու հիշողությունները և պահել դրանք օրագրում: Աննա Աստվածատուրյանը շարունակել է գրել իր ամեն օրվա մասին մինչև ավագ դպրոցն ավարտելը և համալսարան ընդունվելը: Նա պատմում է Բաքվում հայկական ընտանիքների հանդեպ ադրբեջանական իշխանությունների կողմից ազգային բռնությունների, իր՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին:

 

 

«2012 թվականին ես հրատարակեցի իմ օրագիրը: Ինձ քաջալերեց Բոստոնի հայկական համայնքը՝ նշելով, որ նմանատիպ պատմությունների մասին բարձրաձայնելը բավականին կարևոր է: Բացի այդ՝ իմ աղջիկը ևս պատճառ հանդիսացավ այդ գիրքը հրատարակելու համար: Նայելով նրա աչքերին՝ ես ինձ եմ տեսնում նրա մեջ և հիշում եմ այն հարյուրավոր մանուկների մասին, ովքեր հիմա ապրում են Արցախի Հանրապետությունում ադրբեջանական սպառնալիքի ներքո»,- ասում է Աննա Աստվածատուրյանը:

 

Հանդիպման վերջում ուսանողները հարցեր ուղղեցին Աննա Աստվածատուրյան Թերքոթին: Հարցադրումները հիմնականում առնչվում էին Աննա Աստվածատուրյանի ընտանիքին, հայկական ավանդույթների պահպանմանը, ինչպես նաև հետագա ծրագրերին:

 

Հավելենք, որ Աննա Աստվածատուրյանը կարևոր դեր է ունեցել Մեն նահանգի կողմից 2013 թվականին Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործում և շարունակում է իր հայանպաստ քաղաքականությունը ԱՄՆ տարբեր նահանգներում: Նա 2013 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է Մխիթար Գոշի մեդալ, իսկ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: