11.01.2019 | 
Հասարակություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը:

Օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելու փոխարեն՝ ծառայության ղեկավարն արդեն տևական ժամանակ զբաղված է Երևանի պետական համալսարանի բարի համբավն արատավորող մտացածին և չճշտված տեղեկությունների տարածմամբ: Նպատակը պարզ է, ընտրված մեթոդները՝ նույնպես: Փորձ է արվում համալսարանին ներքաշել անբովանդակ ու անօգուտ հրապարակային քննարկման մեջ և մանիպուլյատիվ մեթոդների կիրառմամբ հասարակության որոշակի շրջանակների փոխանցել Մայր բուհի և նրա ղեկավարության վերաբերյալ բացասական ազդակներ՝ զուգահեռաբար ստեղծելով ստուգման գործընթացի անաչառ և ձեռնահաս իրականացման պատրանք:

Նման իրավիճակում հայտարարում ենք, որ վերջին անգամ ենք այս ձևաչափով հրապարակային արձագանքում ծառայության կողմից համալսարանի և նրա ղեկավարության գործունեությանը տրվող գնահատականներին ու հնչեցվող մեղադրանքներին, և հետայսու նման դեպքերին իրավական գնահատական տալու հարցով դիմելու ենք իրավապահ մարմիններին և իրավունքի դատական պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, որտեղ իրավունքները և ազատությունները պաշտպանված են օրենքով, իսկ սուտ մատնությունը, բռնություն գործադրելու հրապարակային սպառնալիք տալը քրեորեն հետապնդելի արարքներ են:

Որոշակի թյուրընկալումներից խուսափելու նպատակով ներկայացնում ենք մանրամասն պարզաբանում ծառայության պետի այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ տեղեկությունների և գնահատականների վերաբերյալ՝ ընդգծելու համար դրանց բացարձակ անհամապատասխանությունն իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու փաստերի առթիվ հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

ԵՊՀ պարզաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: