30.05.2018 | 
Քաղաքականություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018թ. մայիսի 29-ից «ԵՊՀ ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, սահմանազանցելով խաղաղ հավաքների անցկացման իրենց իրավունքը, մտել են ԵՊՀ վարչական համալիր և ակնհայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք դրսևորելով ԵՊՀ աշխատակազմի նկատմամբ՝ ներկայացրել են անհիմն ու անիրավաչափ պահանջներ, խաթարել են ԵՊՀ բնականոն գործունեությունը, զբաղեցրել են վարչական տարածքներ, բռնություն են գործադրել ԵՊՀ ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը գնահատվում է ծանր:

Նախաձեռնության կողմից բարձրացված հարցերը քաղաքակիրթ մեթոդներով քննարկելու և լուծումներ գտնելու ԵՊՀ ղեկավարության եռանդուն ջանքերն արդյունք չեն տվել, և նախաձեռնության անդամները շարունակել են իրենց գործողությունները՝ գիշերել են համալսարանում՝ խախտելով ԵՊՀ ներքին կարգապահության և անվտանգության ապահովման կանոնները:

Անթույլատրելի ենք համարում գործող իշխանության ներկայացուցիչների, մանավորապես՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի անթաքույց աջակցությունը նշված գործողություններին, ովքեր տեղում ղեկավարել են նախաձեռնության քայլերը և տվել են համապատասխան ցուցումներ:

Անընդունելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության անտարբերությունը Մայր բուհում տիրող իրավիճակին:

Տարակուսելի է նաև Հայաստանի բուհական համայնքի լռությունը…

Նման իրավիճակում գործող իշխանությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Երևանի պետական համալսարանի բնականոն գործունեությունը վերականգնելու, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճը և դրա հարակից տարածքները նախաձեռնության անդամների ներկայությունից ազատելու ուղղությամբ և այսօրինակ գործողությունները բացառելու նպատակով՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Միաժամանակ դիմում ենք իրավապահ մարմիններին, սույն հայտարարությունում նշված փաստերին իրավական գնահատական տալու նպատակով ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ:


ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐՆԵՐ՝

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ,

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,
դոցենտ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

30 մայիսի 2018թ.

Հ.Գ.: Հայտարարության բնօրինակը պահվում է ԵՊՀ ընդհանուր բաժնում և բաց է ստորագրման համար:

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները: