23.06.2017 | 
Գիտություն
ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ
ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ-ի, Հայկական տնտեսագիտական միության (AEA) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) նախաձեռնությամբ: Միջազգային գիտաժողովին մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը հանդես եկավ բացման խոսքով և նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել. «Մենք արդեն 6-րդ անգամ ենք հանդիպում այս դահլիճում՝ անցկացնելու համար մեր համատեղ գիտաժողովը: 3 օրերի ընթացքում կհնչեն այս ոլորտին վերաբերող կարևոր զեկուցումներ, որոնց կհաջորդի եզրափակիչ նիստը, որի ընթացքում էլ կամփոփենք մեր ձեռքբերումները»:

 

Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով ընթերցեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը՝ ուղղված միջոցառման մասնակիցներին:

 

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, շնորհավորելով մասնակիցներին, ասաց, որ գիտնականը նա չէ, ով վարպետորեն կրկնում է իր սերտածը, և ոչ էլ նա է, ով իր առջև անլուծելի խնդիրներ է դնում. «Այս ոլորտում առաջադրված խնդիրները և դրանց լուծման առաջարկները պետք է զարգացում ու առաջընթաց ապահովեն մեզ համար»:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, նույնպես շնորհավորելով մասնակիցներին, իր ուրախությունը հայտնեց, որ այս միջոցառումը համախմբել է ոլորտի մասնագետներին. «Առաջընթացի հասնելու համար մենք պետք է շատ հետազոտական աշխատանքներ իրականացնենք, և այս միջոցառումն այդ առումով շատ կարևոր է»:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովի նիստերն անցկացվելու են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ու մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

Այլ նորություններ
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անց են կացնում դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը միջազգային գիտական հանրության կողմից բարձր գնահատականի է արժանացել: