Ֆիլմը ԵՊՀ-ում ցուցադրվում էր առաջին անգամ՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցության շրջանակում:
Մշակույթի կենտրոնում հյուրընկալվել էին «Փրկության քարտեզ» ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, սցենարի հեղինակ Աննա Սարգսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանը:
«Փրկության քարտեզ» ֆիլմը նկարահանվել է 2015 թ.-ին: Նկարահանումները իրականացվել են ինը երկրներում: Մինչ այժմ ֆիլմը ցուցադրվել է 14 երկրների 31 քաղաքներում: Այն հիմնականում նկարահանված է իրական փաստերի հիման վրա, որոնք տրամադրել են տարբեր երկրների պետական ազգային արխիվները, թանգարանները, ինչպես նաև ձեռք են բերվել անհատական պահոցներից:
«Ուրախ եմ, որ ֆիլմը ցուցադրվում է նաև այս ձևաչափով: Կարևորում եմ հատկապես ուսանողների համար կազմակերպվող այսպիսի ֆիլմերի ցուցադրումներն ու դիտումները: Ցեղասպանության թեմայով ֆիլմ պատրաստելը չափազանց դժվար բան է: Դժվար է ոչ միայն հոգեբանական իմաստով: Այս թեման շատ ավելին է պարտադրում, շատ ավելի ծանր է, քան այն հիմնական խնդիրը, որը ցանկացած կինոստեղծող դնում է իր առաջ»,- ասում է Աննա Սարգսյանը:
Սցենարի հեղինակը նշում է նաև, որ ֆիլմարտադրողների հիմնական խնդիրը հետաքրքիր ֆիլմ ստեղծելն է, բայց կրկնակի խնդիր է անել դա ցեղասպանության թեմայով:
Ֆիլմը պատմում է եվրոպացի հինգ կանանց՝ Կարեն Եփփեի, միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի, Բոդիլ Բյորնի, Ալմա Յոհանսոնի և Աննա Հեդվիգ Բյուլի՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած անսահման նվիրվածության մասին: Նրանք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, Հայոց ցեղասպանության տարիներին գալիս և օժանդակում են հայ ժողովրդին, օգնում և չխնայելով անգամ իրենց կյանքը՝ փորձում փրկել մահից որբացած երեխաներին:
Նրանց անցած ուղին ֆիլմում ներկայացնում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը՝ Ցեղասպանության, մահվան և ոճրագործության ճանապարհին զուգահեռ գծելով «Փրկության քարտեզը»:
Ուսանողները ֆիլմը դիտելուց անմիջապես հետո հնարավորություն ունեցան այն քննարկել ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ: