Ուսանողական այցը, սակայն, զուտ գիտաժողովով չսահմանափակվեց: Նոյեմբերի 21-ին գիտաժողովի մասնակիցները պատմաճանաչողական այց կատարեցին դեպի Գանձասար: Այնուհետև ԵՊՀ ուսանողները Արցախի պետական համալսարանում մասնակցեցին Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ԱրՊՀ-ի ուսանողների կողմից: Միջոցառման ամբողջ ընթացքում դահլիճում ջերմ, հայրենասիրական և ընկերական մթնոլորտ էր. բեմում երկու բուհերի ուսանողները հանդես են եկել ազգային երգ ու պարի կատարումներով:
Նույն օրը համալսարանականները ներկա են եղել նաև ԼՂՀ Ազգային ժողովում կայացած «Հայաստանի երրորդ Հանրապետության պատմություն» գրքի առաջին շնորհանդեսին: Գրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է:
Քառօրյա այցի 3-րդ օրը` առավոտյան, Արցախի պետական համալսարանում մեկնարկեց ԵՊՀ և ԱրՊՀ ՈՒԳԸ-ների կողմից կազմակերպված հայագիտական գիտաժողովը, որի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ չմոռանալով շնորհավորել երկու համալսարանների ուսանողներին նրանց միջազգային տոնի կապակցությամբ:
ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանն էլ ընթերցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի` ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձը: Այնուհետև ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով՝ Արցախում կրթության և գիտության կազմակերպման ու զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Գիտաժողովի ընթացքում իրենց գիտական աշխատանքները ներկայացրին երկու բուհերի 35 ուսանողներ, ովքեր գիտաժողովի ավարտին պարգևատրվեցին հավաստագրերով: Զեկույցները վերաբերում էին հայոց լեզվին ու գրականությանը, հայոց պատմության տարբեր շրջաններին, հայկական ինքնությանն ու մշակույթին, Սփյուռքին, ՀՀ-ում առկա սոցիալական խնդիրներին, կրթական համակարգին և այլն: Հեղինակները Հայ բանասիրության, Պատմության, Միջազգային հարաբերությունների, Սոցիոլոգիայի և այլ ֆակուլտետների ուսանողներն էին:
«Երեք օրվա ընթացքում մասնակիցների միջև ստեղծվել էր դրական և հաճելի մթնոլորտ: Գիտական քննարկումները շարունակվում էին անգամ ճաշի կամ ընթրիքի սեղանի շուրջ: Գիտաժողովի ընթացքում ծանոթացանք մեր և ԱրՊՀ-ի ուսանողների հետաքրքիր ու բովանդակալից զեկուցումներին»,- պատմում է գիտաժողովի մասնակից, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարինե Սարգսյանը:
Արցախյան այցի ընթացքում ԱրՊՀ և ԵՊՀ ուսանողական կառույցների ներկայացուցիչները կազմակերպել էին նաև երկու բուհերի ՈՒԽ-ների նախագահության արտագնա նիստ, որի ընթացքում քննարկվեցին այս տարի համատեղ իրականացրած ծրագրերը, և ուրվագծվեցին հետագայում իրականացվելիք ծրագրերը:
«Այս տարվա ընթացքում սա մեր հինգերորդ այցելությունն է Արցախ: Պետք է նշեմ, որ այս այցն ավելի եմ կարևորում, քանի որ այս անգամ մենք ամփոփում ենք տարին` վերանայելով մեկ տարվա ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերը, վերհանելով թերությունները` հետագայում դրանք շտկելու նպատակով»,- նշում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը:
Քառօրյա այցի վերջին օրը ուսանողներն այցելեցին Շուշի, եղան Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում:
Ի դեպ, ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: