24.01.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈւՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՇ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈւՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՇ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Կրծքագեղձի հակաքաղցկեղային նոր թերապևտիկ մոտեցումներ հայկական դեղաբույսերի լուծամզվածքների կիրառմամբ՝ համակցված Լ-արգինին-պոլիամին-ազոտի օքսիդ ուղու արգելակիչներով» թեման:

Մեզ հետ զրույցում վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Նիկոլայ Ավթանդիլյանը և խմբի անդամները ներկայացրեցին գիտական թեմայի նպատակը, կարևորությունը ու կիրառական նշանակությունը:

 

Սույն ծրագրի իրականացման համար գիտական խումբը կազմված է 5 անձից, որոնցից չորսը երիտասարդ գիտնականներ են: Թիմում ընդգրկված են ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանը, գիտաշխատող Միքայել Գինովյանը, կրտսեր գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանը և ասպիրանտ Անահիտ Մամիկոնյանը:

 

Մինչև գիտական թեմային անդրադառնալը՝ խմբի ղեկավարը ներկայացրեց թեմայի արդիականությունը և նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը ՀՀ կանանց շրջանում ունի լայն տարածվածություն և մահացության բարձր մակարդակ:

 

«Քանի որ ժամանակակից բժշկությունը չունի արդյունավետ բուժման տարբերակ կրծքագեղձի քաղցկեղի համար, անհրաժեշտ է գտնել սինթետիկ և բնական հզոր գործոններ կամ դրանց զուգորդումներ, որոնք արդյունավետ կպայքարեն չարորակ նորագոյացությունների դեմ: Հայաստանի ֆլորան մեծ բազմազանություն ունի, որը սակայն բավարար ուսումնասիրված չէ նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների հայտնաբերման տեսանկյունից, որոնք հակաքաղցկեղային բուժական նշանակություն կարող են ունենալ: Ներկայումս զգալիորեն մեծացել է բուսական պատրաստուկների և միացությունների օգտագործումը տարբեր քաղցկեղների բուժման նպատակով, ընդ որում՝ շատ դեպքերում ավանդական քիմիոթերապիային զուգահեռ:

 

Հարկ է նշել, որ հակաքաղցկեղային թերապիայում ամինաթթուների սինթետիկ անալոգներն ունեն կարևորագույն նշանակություն և ներկայումս կիրառվում են որպես քիմիոթերապիայի և իմունոթերապիայի բաղկացուցիչ մաս:  Վերջին տարիների հետազոտությունների արդյունքում ցույց է տրվել արգինազի և NO-սինթազի կարևորագույն դերն ուռուցքի իմունոկենսաբանությունում: Բուսական լուծամզվածքների և արգինազ ու NO-սինթազ ֆերմենտների ընտանիքին թիրախավորող ամինաթթուների սինթետիկ անալոգների համատեղ ազդեցությունը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել»,- ներկայացրեց Ն. Ավթանդիլյանը:

 

Մեզ հետ զրույցում խմբի անդամները նշեցին, որ այս հետազոտական ծրագրի շրջանակում առնետների մոտ կուսումնասիրվի հայկական որոշ դեղաբույսերի հակաքաղցկեղային ազդեցությունը Լ-արգինինի նյութափոխանակային ուղու արգելակիչներով՝ կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելում: Հաշվի առնելով հակաքաղցկեղային դեղամիջոցների բուժական ազդեցության նեղ շրջանակը՝ բուսական պատրաստուկների հետ համատեղ օգտագործումը կարող է մեծացնել դեղաբույս-հակաքաղցկեղային դեղամիջոցի  ազդեցության գոտին:

 

Խմբի անդամներն ընդգծեցին, որ հետազոտությունների ընթացքում ակնկալվում է բացահայտել հայկական դեղաբույսերի հակաքաղցկեղային հատկությունները, ինչպես նաև սիներգիկ փոխազդեցությունները սինթետիկ հակաքաղցկեղային միացությունների հետ: Ստացված տվյալները բուժական մեծ հեռանկար կարող են ունենալ, հաշվի առնելով նաև այն, որ բուսական պատրաստուկներն էկոլոգիապես անվտանգ են, պատրաստման տեսանկյունից մատչելի, արագ և պարզ, իսկ համակցումը սինթետիկ թերապևտիկ պատրաստուկների հետ կարող է ավելի քիչ վնասակար լինել ավանդական հակաքաղցկեղային բուժման մեթոդների համեմատ:

 

Ն. Ավթանդիլյանի խոսքով, թեմայի շրջանակում ձեռքբերված սարքավորումները և քիմիական նյութերը թույլ կտան թարմացնել և արդիականացնել ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի «Նյութափոխանակության կենսաքիմիայի» և «Բույսերի կենսատեխնոլոգիայի» գիտաուսումնական լաբորատորիաները:

 

Արդյունքները կհրապարակվեն տարբեր ազդեցության բարձր գործակից ունեցող գիտական ամսագրերում: Հետաքրքիր կլինի նաև համապատասխան լաբորատոր աշխատանքների ընթացակարգի պատրաստումը նախատեսված ԵՊՀ ընդհանուր և բժշկական կենսաքիմիայի մագիստրոսական հոսքերի համար:

 

Գիտական խմբի անդամները նշեցին նաև, որ արդյունքները կներկայացվեն միջազգային հեղինակավոր տարբեր գիտաժողովներում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԳՐՔԻ  ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ-Ի ԻՆԳԼՎՈՒԴ ՔԱՂԱՔՈՒՄ
ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, պատ. գիտ. թեկնածու Արմեն Մանվելյանի «Էներգետիկ աշխարհաքաղաքականությունը և անվտանգությունը միջազգային հարաբերությունների արդի համակարգում» ընդհանուր վերնագրով գիտական աշխատանքի շնորհանդեսը:
ԵՊՀ-Ի ԵՎ ՍԱՏՄ-Ի ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր հյուրընկալվել էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։