«Սիրելի Հայրենակիցներ, այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը, որ մեր ընտրյալ զավակներն օրինակելի կերպով իրականացնում են հայրենի սահմաններին։ Մնայուն արժեքների շահարկմամբ քաղաքակիրթ աշխարհն ինչպես երեկ, այժմ էլ խուլ է մեր ոտնահարվող իրավունքների նկատմամբ և կույր՝ մեր կրած նեղությունների հանդեպ, բայց շարունակում է արդարության և առաքինության սին դասեր տալ:
Հայը լույսի, ճշմարտության և արդարության զինվոր է, որ խավարն է անտրտունջ հալածում, սուտն է ինքնամոռաց հերքում, անիրավության դեմ պայքարելիս չի հոգնում։
Մեր Սրբազան Մայր Հայրենիքի, որի Սուրբ հողը մեր նահատակների նվիրական արյունով է ոռոգված, պաշտպանությունը մեր գոյության իմաստավորումն է, մեր պատասխանատվության լրումն է, մեր կյանքի արժևորումն է։ Այստեղ և միայն այստեղ են մեր սրբություններն ու սիրելիները, մեր արմատները, մեր նախնյաց ու մեր սրտից չհեռացածների շիրիմները, մեր փայփայած իղձերի կատարումը, մեր և մեր սիրասուն ժառանգների պայծառ գալիքը։ Ուրիշ Հայրենիք չունենք և չենք էլ ուզում, մերը բավական է մեզ։ Այս է պատճառը, որ մեր Հայկ Նահապետն իր անհաղթելի ոգու տոկունությամբ Հայոց աշխարհի սահմանների անառիկությունը հաստատեց, Սուրբ Վարդանանք աներկյուղ մահվանն ընդառաջ ելան, մեր ֆիդայիները Հայրենիքի փրկության զենքը կյանքի ուղեկից դարձրին, Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով մեր թշնամուն իր ժամանակավոր որջը քշեցինք։
Մեր ստեղծագործ ազգը երկնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Գրիգոր Նարեկացի, կենդանի նահատակ Կոմիտաս, բայց և Սասնա Ծռեր, Անդրանիկ զորավար, Գարեգին Նժդեհ …
Այսօր Հայոց պատմությունը կերտելու մեր ժամանակն է. մենք Թորգոմյան Տան հարազատ զավակներն ենք, տերն ենք մեր Սրբազան երկրի ու պատասխանատուն նրա գալիքի։ Մեր առյուծասիրտ նահատակների արյունը մեզ արդարության վերջնական հաղթանակին է կոչում, և Հայկյան ոգու արիությամբ, Սուրբ Վարդանանց անմնացորդ հավատքով, ֆիդայական աննահանջ հույսով ու նոր Ավարայրի հերոսների հայրենանվեր սիրով պիտի մոտեցնենք մեր ազգի լուսավոր ապագան և Հայոց աշխարհի համար բաղձալի արշալույսներ ծագեցնենք։ Մեր գործն արդար է, մեր հույսն՝ Ամենազոր Աստված»։
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր իրենց գործունեությունն են ներկայացրել ԵՊՀ 4 ֆակուլտետներ:
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն: