16.03.2018 | 
Հասարակություն
« ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԱԿՈՒՄԲՆ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ». ՍՈՒՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
« ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԱԿՈՒՄԲՆ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ». ՍՈՒՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ իրականացնում է ժայռամագլցման համահայկական բաց առաջնություն, որը տեղի կունենա մարտի 21-ին։ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող առաջնությունն անցկացվելու է հենց համալսարանում: Մրցույթի անցկացման նպատակի, կազմակերպչական հարցերի և ակումբի հեռանկարների մասին զրուցել ենք ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչ Սուրեն Ստեփանյանի հետ:

- Պարո՛ն Ստեփանյան, նախևառաջ կպատմե՞ք ակումբի ստեղծման պատմության և ներկայիս գործունեության մասին:

 

- Սկզբում, երբ միտք ծագեց Հայաստանում նման ակումբ ստեղծել, դեռևս փնտրում էի համապատասխան շինություն, որտեղ կլինի 16 մետր բարձրության պատ: Փնտրտուքների ժամանակ դիմեցի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ով ջերմորեն ընդունեց առաջարկը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու: Սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Օգտվեցինք մեր հարևան Իրանի մասնագետների խորհրդատվությունից: Միասին մոտ մեկ ամիս աշխատեցինք և կառուցեցինք պատը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ի դեպ, Իրանն այս սպորտաձևում աշխարհի մասշտաբով լավագույն հնգյակում է, արագության ռեկորդն էլ հենց իրանցի մարզիկին է պատկանում: Ես նաև Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի խորհրդականն եմ, ինչի շնորհիվ մշտապես պահում ենք կապը: Հրավիրում ենք նաև այլ երկրների մասնագետների, որ էլ ավելի զարգացնենք, արդիականացնենք ժայռամագլցումը Հայաստանում: Ակումբի անդամները պարբերաբար մարզումներ են անցկացնում նաև բնության գրկում:

 

- Ինչո՞ւ որոշեցիք կազմակերպել համահայկական բաց առաջնություն:

 

- Սա սկիզբն է այն գործի, որ դեռ երկար պիտի շարունակենք: Բոլորս գիտենք, որ 2020 թ.-ից լեռնագնացությունը մտնում է օլիմպիական սպորտաձևերի մեջ: Բնականաբար, մենք պիտի աշխատենք, հիմք ստեղծենք, որ հետագայում կարողանանք մասնակցություն ունենալ: Իսկ դրա համար պետք է ենթակառուցվածքներ ունենալ, զարգանալ, դառնալ միջազգային ֆեդերացիայի անդամ: Այս առաջնությունը մեծ քայլ է այդ ճանապարհին: Բացի այդ՝ համագործակցությունների շրջանակում մեր հրավիրյալներից մեկը Լեռնագնացության միջազգային ֆեդերացիայի կողմից ուղիներ կառուցելու և մրցումներ անցկացնելու որակավորված մասնագետ է: Պատեհ առիթը բաց չթողնելու համար դիմեցի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային, քննարկեցինք, համաձայնության եկանք և որոշեցինք հենց այս շրջանում կազմակերպել առաջնությունը: Հստակ կարող եմ ասել, որ տարածաշրջանում միայն մեր ակումբն է, որ կարող է անցկացնել բոլոր ստանդարտներին համապատասխան լեռնագնացության առաջնություն:

 

 

- Կպատմե՞ք  առաջնության կազմակերպչական աշխատանքների մասին: Ի՞նչ կանոններ և պայմաններ են գործելու:

 

- Կազմակերպչական բոլոր հարցերում օգնում են ԵՊՀ «Ապառաժ» ակումբի անդամները: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ միասին կկազմենք մրցույթի դատավորների և դիտորդների կազմը: ԵՊՀ-ն կհոգա մեր հյուրերի կեցության հարցը: Առաջնությունը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները կմասնակցեն եզրափակչին, որտեղ կորոշվի հաղթողը: Մասնակիցներից ոչ ոք չի իմանալու, թե ինչ ուղի է սահմանված առաջնության համար: Որակավորված մասնագետը՝ Մեհդի Զենդեհկարը, ով Իրանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է, այս ոլորտում ունի 23 տարվա փորձ,  կկազմի այն մրցույթից մեկ օր առաջ: Ընդ որում՝ տղաների և աղջիկների համար դրանք տարբեր են լինելու: Եզրափակչից առաջ նոր ուղի կգծվի: Ամեն ինչ անելու ենք, որ լինի արդար մրցակցություն:

 

 - Ի՞նչ կասեք մասնակիցների մասին: Մրցանակային ի՞նչ տեղեր են սահմանվել հաղթողների համար:

 

- Մասնակցել ցանկացողները լրացնում են առցանց հայտեր: Մինչև այս պահն ավելի քան 60 հոգի արդեն գրացնվել են: Լինելու են երեք մրցանակային տեղ աղջիկների և երեք մրցանակային տեղ տղաների համար։ Մեդալները պատվիրել ենք արտասահմանում, դրանց մի կողմում պատկերված է համալսարանի զինանշանը, մյուս կողմում՝ լեռնագնացության: Մրցանակներ կտրամադրի նաև մեր գործընկեր «Camp.am»-ը։

 

 

- Ի՞նչ կմաղթեք առաջնության մասնակիցներին:

 

- Բոլոր մասնակիցներին բարի վերելք եմ ցանկանում և մաղթում հաջողություն:

 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը:
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը: