31.05.2019 | 
Կրթություն
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐԱԲԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԹԵՄԱՏԻԿ ԲԱՌԱՐԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾ
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՐԱԲԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԹԵՄԱՏԻԿ ԲԱՌԱՐԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ստեղծված Արաբերեն-հայերեն թեմատիկ բառարանի հավելվածի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:  

 

Բառարանի հեղինակներն են ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոսներ Աննա Դանիելյանը և Մարգարիտա Սարգսյանը, ինչպես նաև նույն ամբիոնի նախկին դասախոս Ալվինա Հովհաննիսյանը, որն այժմ ապրում է արտերկրում: Իսկ հավելվածի հեղինակը Սարգիս Մխիթարյանն է:

 

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս Աննա Դանիելյանը, ներկայացնելով «Արաբերեն-հայերեն» թեմատիկ բառարանը, նշեց, որ այն  պատրաստվել է 2018 թ. «Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։

 

«Այն նախատեսված է արաբերենով հետաքրքրվող կամ ուսումնասիրող հայախոս անձանց համար, թեև ունի երկկողմանի թարգմանություն կատարելու հնարավորություն։ Բառարանում տեղ գտած համառոտագրություններն ու բառերին առնչվող մեկնաբանությունները հայերեն են և համապատասխանում են հայերենի քերականության տրամաբանությանը»,- հավելեց նա։

 

Բառարանում ընդգրկված են ավելի քան 8000 բառ և արտահայտություն՝ ամփոփված 9 թեմայի 22 ենթաթեմայում, որոնք էլ իրենց հերթին բաժանված են 197 բաժինների։

 

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց, որ առաջին անգամ ամբիոնի կողմից փորձ է արվել վիրտուալ տիրույթում ստեղծել Արաբերեն-հայերեն թեմատիկ բառարանի հավելված: «Քանի որ նոր տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են, ուստի ուսանողների համար հարմար է իրենց հեռախոսներում ներբեռնել նման բառարան»,- ասաց Հայկ Քոչարյանը և հավելեց, որ առաջիկայում հնարավոր է՝ բառարանում ընդգրկված բառերի թիվն ավելանա:

 

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ողջունեց Արաբագիտության ամբիոնի կողմից իրականացվող այս ձեռնարկը, որը միտված է ուսանողների ուսումնառության գործընթացը դյուրացնելուն՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: ««Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն» մշակութային հիմնադրամի միջոցները, որոնք ուղղված են Արաբագիտության ամբիոնում նմանաբնույթ ձեռնարկներ իրականացնելու համար, արդարացված են: Ողջունելի է նաև այն, որ Արևելագիտության ֆակուլտետը միջոցներ է բերում ԵՊՀ՝ դրանք օգտագործելով ուսանողների տարբեր խնդիրները դյուրացնելու համար»,- հավելեց  դեկանը:    

 

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի նախկին դասախոս Ալվինա Հովհաննիսյանը, որն արտերկրից տեսակապի միջոցով հետևում էր միջոցառմանը, նշեց, որ ուսանողներին արաբերեն դասավանդելիս միշտ զգացվում էր թեմատիկ բառարանի անհրաժեշտությունը: «Այժմ «Արաբերեն-հայերեն» թեմատիկ բառարանի հավելվածի կիրառումը դասավանդման գործընթացում մեծ փոփոխություններ է  մտցնելու՝ դյուրացնելով ուսանողների սովորելու գործընթացը: Մեր նպատակն էր այս բառարանում կիրառել այն բառապաշարը, որը շատ է օգտագործվում դասավանդման գործընթացում»,- ասաց նա:    

 

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս Մարգարիտա Սարգսյանի խոսքով, լինելով թեմատիկ, ընդգրկելով կյանքի ամենաառանցքային ոլորտներին առնչվող խիստ գործածական բառամթերք հայերենով և արաբերենով, բառարանն իր ձևաչափով առաջինն է վիրտուալ տիրույթում։ 

 

Նա նշեց, որ Արաբերեն-հայերեն թեմատիկ բառարանի հավելվածն առաջիկայում տեղադրվելու է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ֆեյսբուքյան էջում, և ուսանողները կարող են այն ներբեռնել իրենց հեռախոսների մեջ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

   

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ԵՊՀ մինչհամալսարանական վարչության և «Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ նոյեմբերի 19-22-ն անցկացվել է «Արտահայտվելու ազատություն» խորագրով միջոցառումների շարքը:
«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄՏԱԾԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այսօր այցելել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։