07.11.2019 | 
Հասարակություն
ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին:

Հանդիպումը տեղի ունեցավ «Դասը վարում է …» խորագրի ներքո:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով ուսանողներին, նշեց, որ 2019 թվականը լի է հոբելյաններով.  ԵՊՀ-ի հիմնադրման 100, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակները, ինչպես նաև Ժուռնալիստիկայի բաժնի 70-ամյակը:

«Տարին հոբելյանական է նաև մեր ժամանակների լավագույն օրաթերթերից մեկի՝ «Առավոտ»-ի համար, որը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, այդ առիթով հյուրընկալել ենք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, որը 25 տարի ղեկավարում և խմբագրում է թերթը»,-ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

Նաղաշ Մարտիրոսյանը կարևորեց նմանաբնույթ հանդիպումները, քանի որ յուրաքանչյուր խմբագիր ուսանողներին  ներկայացնում է իր տեսակետն ու կարծիքը ոլորտին վերաբերող տարբեր թեմաների՝ արդի հայ լրագրության և լրագրության մասին ընդհանրապես, տպագիր մամուլի և առցանց մամուլի մրցակցության կամ համակեցության մասին:

 

«Վստահաբար Արամ Աբրահամյանը շատ բան ունի ուսանողներին ասելու: Նա, լինելով այն լրագրողը, որը բեղուն ճանապարհ է անցել,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը,- այսօր ոչ միայն պահանջված օրաթերթի գլխավոր խմբագիր, այլև հեռուստալրագրող է, որին ամեն երեկո հազարավոր մարդիկ են լսում, դիտում հարցազրույցները»:

Ողջունելով ուսանողներին՝ Արամ Աբրահամյանն ասաց, որ «Առավոտ» օրաթերթի 25-ամյա հոբելյանը լավ առիթ է զրուցելու այն խնդիրների մասին, որոնք առկա են ոլորտում:

«Առավոտ» օրաթերթը բնորոշելով որպես դասական լրատվամիջոց՝ Արամ Աբրահամյանը փաստեց նաև, որ շատ կարևոր է հաշվի նստել ոլորտի տեխնիկական առաջընթացի հետ. «Շատ կցանկանայի լրատվական տեխնոլոգիաների այսպիսի զարգացումը նախօրոք կանխատեսել, քանի որ այդ դեպքում «Առավոտ»-ի առցանց տարբերակն այլ տեսք կունենար»:

Վերջինիս խոսքով, անցումն առցանց լրատվության շատ բարդ է եղել, քանի որ իր սերունդը սովոր է աշխատել թանաքով:

Արամ Աբրահամյանն ապագա լրագրողներին խորհուրդ տվեց ուսման ընթացքում ձեռք բերել պահանջված հմտություններ, որովհետև այսօր գործատուն կարևորում է այն լրագրողին, որը, հիմնական հմտություններից զատ, տիրապետում է նաև օպերատորական աշխատանքին և մոնտաժին:

 

«Հաճախ այն կառուցվածքը, որը ձեզ սովորեցնում են բուհում, օրինակ, լուրը մեկնաբանությունից պետք է բաժանել, լսել երկու կողմերի կարծիքը, քանդվում է, երբ  դուք սկսում եք աշխատել մի լրատվամիջոցի համար, որն ուղղորդված է,- ասաց Արամ Աբրահամյանը,- այնուամենայնիվ աշխատեք պաշտպանել ձեր սկզբունքներն այնքանով, որքանով հնարավոր է»:

Արամ Աբրահամյանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում առկա ատելության մթնոլորտին. «Մենք պետք է հասկանանք, որ այս ժամանակաշրջանը նույնպես անցնելու է, հուսով եմ, որ դուք լինելու ենք այն սերունդը, որը հաղթահարելու է ատելության մթնոլորտը»:

Ատելության խոսքի և վերջինիս դեմ պայքարի մեթոդների մասին ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Պետք է նշեմ, որ սոցցանցերում ատելության խոսքի դեմ պայքարի խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում,- ասաց Նաիրա Զոհրաբյանը,- շատ դժվար է ատելության խոսքի դեմ պայքարել, քանի որ այստեղ գործ ունենք նաև խոսքի ազատության հետ»:

Վերջինս նշեց նաև, որ չնայած մարդիկ օրվա լրահոսին շատ հաճախ տեղեկանում են հեռախոսի միջոցով, բայց ինքը նախընտրում է օրը սկսել թերթերը կարդալով:

 

Հանդիպման վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին հյուրին:

 

 

Այլ նորություններ
ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ. ՔԻՄԻԱՅԻ ԴԵՐԸ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր տիկնոջ հետ այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: