24.03.2017 | 
Հասարակություն
ԼԻԴԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԱՐԱՄ ԱՆԱՆՅԱՆԻՑ
ԼԻԴԵՐ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԱՐԱՄ ԱՆԱՆՅԱՆԻՑ
Մեկնարկեց «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագիրը:

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, «Բիլայն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Ռոսգոսստախ Արմենիա» ԱՓԲԸ-ի համագործակցության շրջանակում կազմակերպված ծրագրի առաջին հյուրը «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն, հասարակական-քաղաքական գործիչ Արամ Անանյանն էր, ով հանդիպեց ուսանողների հետ:

 

Հյուրին նախ ներկայացրեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ով նշեց նաև, որ ծագիրն ուսանողներին հնարավորություն կտա ծանոթանալու ներայումս ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ոլորտների
կազմակերպությունների գործունեությանը և կադրային քաղաքականության:

 

Այնուհետև բանախոսը խոսեց ուսանողական լիդերության և կարիերայի զարգացման միջև առկա անմիջական կապի մասին:

 

«Ուրախ եմ, որ կրկին իմ հարազատ բուհում եմ, ուրախ եմ, որ այսքան վառ ու փայլուն դեմքեր եմ տեսնում: Շատ կարևոր է, որ լիդերության գաղափարն առաջ է գալիս և ուսումնասիրվում է հենց ուսանողական տարիներին: Երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ դու դեռ ձախողվելու, անհաջողություններից դասեր քաղելու ու սխալներդ ուղղելու ժամանակ ունես»,- նշեց Արամ Անանյանը:

 

Բանախոսը անդրադարձավ «լիդեր» հասկացության ժամանակակից մոտեցումներին և հասարակական ընկալումներին՝ նշելով, որ այսօր առաջնորդության գաղափարը խեղաթյուրված է, ցանկացած բնագավառի լիդեր տարբեր խավի ներկայացուցիչներին հաճոյանալու համար նախընտրում է միջանկյալ դիրքորոշումներ որդեգրել:

 

«Երբ մենք խոսում ենք ոչ կոնֆլիկտոգեն լինելու մասին, մենք արդեն կոնֆլիկտային ենք դառնում, և այդ կոնֆլիկտի հիմքում արժեքներն են, որն ամենակարևոր բաղադրիչն է մարդու համար: Հենց արժեքների վրա հիմնված առաջնորդությունն է ճշմարիտը, որը պարզապես դատապարտված է հաջողության»,- ասաց Արամ Անանյանը:

 

Ելույթից հետո հանդիպումն ինտերակտիվ բնույթ ստացավ. Արամ Անանյանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ անդրադառնալով լրատվական գործակալության պատմությանը, նպատակներին, գործունեությանն ու կադրային քաղաքականությանը:

 

ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ լավագույնները ծրագրի մասնակից կազմակերպությունների կողմից կստանան պրակտիկայի կամ աշխատանքի առաջարկ:

 

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում ուսանողները հանդիպումներ կունենան ՀՀ-ում գործող մի շարք այլ ընկերությունների ղեկավարների հետ:

Այլ նորություններ
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի հետ մասնակցել է որակավորման բարձրացման սեմինարի և դրա շրջանակում տեղի ունեցած մրցույթին զբաղեցրել առաջին հորիզոնականը: