15.05.2018 | 
Գիտություն
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՎԵԼ Է ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՓՈՔՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ». ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՎԵԼ Է ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է ԻՐԵՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՓՈՔՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ». ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին:

Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն և գիտական արդիական չափանիշներով քննել Առաջին Հանրապետության տարիներին ձևավորված գրական-մշակութային կյանքն ու դրա առանձնահատկությունները, անդրադառնալ գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին:

 

Երևանի պետական համալսարանի, Համազգային հայ կրթական և մշակութային միության ու  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով կազմակերպված երկօրյա գիտաժողովին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, համակազմակերպիչ կառույցների, ինչպես նաև ոլորտի գիտակրթական առաջատար հաստատությունների ներկայացուցիչները:

 

Բացման խոսքով հանդես եկավ Արամ Սիմոնյանը, ով կարևորեց Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը. «Երբ հետադարձ հայացք ես նետում մեր պետականության վերականգմանը՝ պատմության այդ փառապանծ էջին, մի շարք հարցեր են առաջ գալիս, որոնք ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր խիստ արդիական են:

 

Աշխարհում ժողովուրդներ կան, որոնք պետականություն չունեն, իսկ ոմանք էլ՝ պետականություն ունենալով հանդերձ, քաղաքակրթության մեջ պատմական լուրջ հետագիծ չեն թողել: Դարերի ընթացքում հայ ժողովուրդն աշխարհին տվել է ավելին, քան կարող է իրեն թույլ տալ փոքր ժողովուրդը: Ժողովուրդ, որը մշտապես մաքառել է իր ազատության, անկախության և պետականություն ստեղծելու ու պահպանելու համար»:

 

ԵՊՀ ռեկտորը հավելեց նաև, որ պետականության համար ամենակարևոր խնդիրներից մեկը դեռևս լուծված չէ. առ այսօր ձևավորված չէ քաղաքացիական հասարակության ինստիտուտը.«Հուսով եմ, որ մեր ժողովուրդն իր իմաստության, ապրելու մեծ ձգտումի ու քաղաքակրթության մեջ հսկայական ներդրման շնորհիվ կկարողանա լրացնել այդ բացը, առանց որի՝պետականության ապագան ամուր ու կայուն չի կարող լինել»:

 

Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանն էլ պատմական անդրադարձ կատարեց հայկական պետականության կերտման գործընթացներին, դրանցում ներգրավված հասարակական, քաղաքական ու գիտամշակութային գործիչների գործունեությանը: 

 

 

Առաջին բանախոսը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դոցենտ Գուրգեն Վարդանյանն էր: Նրա զեկուցումը վերաբերում էր Առաջին Հանրապետության կրթամշակութային քաղաքականությանը:

 

«ՀՀ հռչակումը նոր շրջան բացեց նախևառաջ հայ դպրոցի պատմության մեջ: Անկախ պետականության ստեղծման պայմաններում մատաղ սերնդի կրթական դաստիարակությունն առաջնային նշանակություն էր ստանում: Ազգային պետականության կառուցման գործում անհրաժեշտ էին գրագետ և բանիմաց կադրեր, իսկ նրանց պատրաստման հիմնաքարն ազգային դպրոցի ստեղծումն էր»,- ասաց Գ. Վարդանյանը:

 

Գ. Վարդանյանն անդրադարձավ նաև մշակութային կյանքի տարբեր բնագավառներում իրականացրած հետազոտություններին՝ ընդգծելով, որ ամենաքիչ ուսումնասիրված ոլորտը հայ վավերագրական կինոյի բնագավառն է:

 

Գիտաժողովի ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձան ձևավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական օջախների կազմակերպմանը և դրանց կրթական գործունեությանը, գիտության տարբեր ճյուղերի զարգացմանն ու հիմնական գիտական նվաճումներին, պարբերական մամուլին և հրատարակչական գործին:

 

Բանախոսները նոր հայացքով արժևորեցին Առաջին Հանրապետության հոգևոր-մշակութային գործիչների, մանկավարժների ծավալած գործունեությունը և վերջիններիս ձևավորված կրթամշակութային կյանքի ազդեցության գործընթացները Սփյուռքի հետագա ձևավորման վրա:

 

 

Հավելենք, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Բանախոսները զեկուցումներ կներկայացնեն Առաջին Հանրապետության գրական և մշակութային կյանքի վերաբերյալ:

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի (2016 թ.) շնորհանդեսը:
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):