27.11.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Լիբանանա-կանադական համալսարանի պատվիրակությանը:

Լիբանանա-կանադական համալսարանի պատվիրակության կազմում էին բուհի ղեկավար Ռոնի Աբի Նախլին, Միջազգային նախագծերի վարչության ղեկավար Յոլանդ Սալեմը և Լիբանանում ՀՀ դեսպանության մշակութային խորհրդատու Միրեիլ Խանամիրիանը:

 

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին նաև պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք գիտական կենտրոնների ղեկավարներ:

 

Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց բուհի կրթական և գիտահետազոտական ոլորտների զարգացումներն ու հեռանկարները՝ բուհի զարգացման համար կարևորելով միջազգային համագործակցությունը և արտասահմանյան տարբեր կրթական հաստատությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

 

«Միջազգային համագործակցության ընդլայնումը բուհի զարգացման համար առանցքային նշանակություն ունի, ուստի մենք պատրաստ ենք ծրագրեր և կոնկրետ առաջարկներ մշակել, որոնք արդյունավետ փոխգործակցության սկիզբը կդառնան»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

 

Ռոնի Աբի Նախլին խոսեց Լիբանանա-կանադական համալսարանի կառուցվածքի, կրթական ծրագրերի և զարգացման ուղղությունների մասին՝ ընդգծելով, որ Լիբանանում միակ կանադական համալսարանի շուրջ 2 հազար ուսանողների շուրջ 10 տոկոսը հայեր են:

Ալեքսանդր Մարգարովը բավականին մանրամասն ներկայացրեց միջազգային կառույցների և արտասահմանյան բուհերի հետ համագործակցության հիմնական ուղղությունները:

 

«Բուհերի միջև համագործակցությունը, հիրավի, կարող է բավականին լայն ու ընդգրկուն լինել, սակայն մենք դեռևս կանգ կառնենք կոնկրետ մասնագիտությունների ուղղությամբ տարվող աշխատանքների նախագծման և իրականացման գործընթացի վրա»,- ասաց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետը:

 

Հանդիպմանը ներկա համալսարանականներն էլ իրենց հերթին ներկայացրին այն բոլոր ուղղությունները, որտեղ հնարավոր է համագործակցություն ծավալել՝ ներառելով կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացում, ուսանողների և դասախոսների փոխանակում, հեռավար դասախոսությունների անցկացում, երկակի դիպլոմով կրթական ծրագրեր և այլն:

 

Հանդիպման վերջում պատվիրակության անդամներն այցելեցին նաև ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոն, ինչպես նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 34 կողմ ձայնով ֆակուլտետի դեկան է վերընտրվել ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Սահակյանը:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում միաձայն ֆակուլտետի դեկան է վերընտրվել Նաղաշ Մարտիրոսյանը: