03.05.2019 | 
Հասարակություն
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՏ
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՏ
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Մայիսի 3-ը ՄԱԿ-ը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր՝ նշանավորելով 1991 թվականի մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:

Որոշման ընդունումից հետո աշխարհի մի շարք երկրներ ազատ մամուլի պաշտպանությանն ուղղված միջոցառումներով ու քննարկումներով նշում են այս օրը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն օրվա խորհրդին համահունչ հյուրընկալել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:



Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհավորեց ներկաներին Մամուլի ազատության օրվա կապակցությամբ և նշեց, որ վերջերս հրապարակված «Մամուլի ազատությունն աշխարհում-2019» ինդեքսի համաձայն՝ Հայաստանը բարելավել է դիրքերը:

«Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրատարակած ինդեքսի՝ Հայաստանը 19 նիշով բարելավել է դիրքը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ տեղը»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

Դեկանը մեջբերեց նաև ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկին՝ Թոմաս Ջեֆերսոնին. «1787 թվականին Թոմաս Ջեֆերսոնը գրում է. «Եթե ինձ իրավունք վերապահվեր որոշել, թե արդյոք մեզ պետք է կառավարություն առանց մամուլի կամ մամուլն առանց կառավարության, ես կնախընտրեի վերջինը»»:

Արման Թաթոյանը կարևորեց իր ղեկավարած կառույցի և լրագրողների համագործակցությունը:

Նա ներկայացրեց ՄԻՊ գործառույթները՝ անդրադառնալով իրազեկման աշխատանքներում լրագրողների դերին:



«Լրագրողի աշխատանքն ու պաշտպանվածությունն ամեն օր իմ ուշադրության կենտրոնում են»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ այսօր ատելության խոսքն այնքան է շատացել, որ հաճախ լրագրողը նույնականացվում է այն մարդու հետ, որից հարցազրույց է վերցնում: Ըստ նրա՝ բացասական ընկալումներ ունեցող անձանց հետ մասնագիտական շփման պատճառով մարդիկ չպետք է սկսեն ատել լրագրողին:

Նա անդրադարձավ նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններին՝ խոսելով արագ զարգացող և մեծաթիվ լսարաններ հավաքող կեղծ էջերի ու խմբերի մասին, որոնք ատելության խոսք էին տարածում, ինչի արդյունքում ձևավորվում էր որոշակի վերաբերմունք թե՛ օրինապահ մարմինների, թե՛ քաղաքական գործիչների նկատմամբ:



«Ամերիկյան իրավաբանների ընկերակցության» ներկայացուցիչ Հասմիկ Հակոբյանը խոսեց իրենց կազմակերպության նպատակների և առաքելության մասին:

Ելույթներից հետո ուսանողներն իրենց հարցերը հղեցին նրան՝ հետաքրքրվելով ՄԻՊ գործունեությամբ և խնդրահարույց հարցերում նրա կատարած աշխատանքով:

 

Մարի Ռաֆյան

 

Այլ նորություններ
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
ysu.am-ը սկսում է նոր շարք՝ ներկայացնելով ԵՊՀ-ում հյուրընկալված անվանի գործիչներին
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՏԻՄ-ԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ ՏԻՄ-երին ծանուցելու մասին» քաղաքականության համառոտագրի նախագծի կլոր սեղան-քննարկում: