31.01.2018 | 
Հասարակություն
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
Այսօր Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց հարազատ բուհ և հանդիպեց համալսարանականների հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրին և նշեց, որ Մայր բուհում միշտ էլ ուրախ են հյուրընկալել գործընկերներին:

 

«Ուրախ ենք ողջունել Ձեզ: Համալսարանականները նախկին չեն լինում, ուստի Դուք և ընդհանրապես յուրաքանչյուր ԵՊՀ շրջանավարտ սպասված հյուր եք մեզ համար: Վստահ եմ, գործընկերների, վաղեմի ընկերների և ուսանողության ներկայացուցիչների հետ զրույցը մտերմիկ և անկեղծ մթնոլորտում կանցնի»,- ասաց ռեկտորը:

  

Արմեն Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ երկար տարիների բացակայությունը երկրից և համալսարանից չեն խզել հարազատ բուհի հետ հոգևոր կապերը:

 

«Համալսարանը հարազատ տուն է մնացել ինձ համար: Եթե մի անգամ մուտք ես գործել համալսարան, բազում թելերով կապվել գիտության, գործընկերների, ուսանողների հետ, դարձել մեծ ընտանիքի մի անդամ, նույնիսկ բուհից հեռանալուց հետո սիրտդ ու հոգիդ մնում է հարազատ կրթօջախում: Այսօր ես եկել եմ զրուցելու ձեզ հետ, լսելու ձեր խորհուրդները, միասին քննարկելու մեզ հուզող հարցերը»,- ասաց հյուրը:

 

Ելույթից հետո Արմեն Սարգսյանը հանգամանալիորեն պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

 

 

Մասնավորապես բանախոսն անդրադարձավ Հայաստան-Սփյուռք համագործակցության, տնտեսական, մշակութային և բիզնես կապերի ստեղծման ու ամրապնդման գործընթացին, կրթական ոլորտի բարեփոխումներին և ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հայ համայնքի գործունեությանը:

 

«Այսօր ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ֆանտաստիկ քայլերով զարգացում է ապրում: Եվ եթե մենք ուզում ենք քայլել ժամանակին համընթաց, լինել մրցունակ երկիր, պետք է մեծ ուշադրություն դարձնենք տվյալ ճյուղի զարգացմանը և դրա ներդրմանը գրեթե բոլոր բնագավառներում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

 

Խոսելով Հայաստան-Սփյուռք կապերի մասին՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ չնայած Մեծ Բրիտանիայում հայ համայնքը մի քանի անգամ փոքր է, քան, օրինակ, եվրոպական մի շարք երկրների հայ համայնքներից, այնուամենայնիվ վառ անհատականությունների շնորհիվ հայ համայնքի կողմից իրականացվում է լուրջ գործունեություն՝ ի նպաստ երկու պետությունների միջև կապերի ամրապնդմանն ու հեռանկարային համագործակցությանը:

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈՅՍԻԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոյսիկն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում: