20.03.2020 | 
Կրթություն
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արմեն Սարգսյանն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:

ՀՀ նախագահի նախաձեռնության նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար:

 

45 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում նախագահն անդրադարձել է ոլորտային թեմաների և դրանց համատեքստում՝ նաև նոր կորոնավիրուսի տարածմանն աշխարհում: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը մրցույթի ձևով տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին՝ վերջնաժամկետ սահմանելով արտակարգ դրության ավարտը:

 

Մասնավորապես, դիմելով հումանիտար ուղղվածությամբ ուսանող երիտասարդներին՝ նախագահն առաջարկել է գրել ժամանակակից մերձավորարևելյան տարածաշրջանի փոփոխությունների մասին։ Ընդ որում, աշխատանքները կարող են լինել ինչպես Հայաստան-Մերձավոր Արևելք փոխհարաբերությունների, այնպես էլ Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ համար Մերձավոր Արևելքի դերի մասին:

Ապագա ֆիզիկոսներին ու մաթեմատիկոսներին նա առաջարկել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաների շուրջ՝ գլոբալ ռիսկերի - գլոբալ համաճարակների (օրինակ՝ կորոնավիրուս) տարածման և կանխարգելման մաթեմատիկական մոդելավորում, գլոբալ ռիսկերի հաղթահարման ճանապարհներ (տեխնոլոգիական, գիտական, առողջապահական և այլն):

Ուսանողական մրցույթի նպատակն է խթանել հեռահար ուսուցումը և թվային կրթության զարգացումը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողներն, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայ ուսանողները:

 

Էսսեների ծավալը չպետք է գերացանցի 20 էջը: Աշխատանքներն (word ձևաչափով) հումանիտար ուղղվածությամբ ուսանողները պետք է ներկայացնեն homework1@president.am, իսկ ֆիզիկներն ու մաթեմատիկոսները՝ homework2@president.am էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը, ազգանունը, ուսման վայրը (բուհը, ֆակուլտետը, կուրսը) և կոնտակտային տվյալները (հեռախոս, էլ.փոստ):

 

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:

 

Աղբյուրը՝ President.am

Այլ նորություններ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈԼՈՐՏՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանը նախաձեռնել է հեռավար ուսուցմանը լրացնող առցանց անվճար դասընթացներ, որոնց օգնությամբ թե՛ ամբիոնի ուսանողները, թե՛ոլորտով հետաքրքրվողները կիրազեկվեն բնագավառում առկա խնդիրների մասին և կծանոթանան դրանց լուծման ճանապարհներին։
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.am-ում («Moodle»), բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման («Webinar», «Bigbluebutton») համակարգերից՝ ներդրվել է նաև «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։