26.01.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնուրաց աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով:

Մեդալը պրոֆեսորի որդուն՝ ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանին, հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

 

 

Նախարարը նախ անդրադարձավ պրոֆեսոր Թռչունյանի անցած գիտական ուղուն՝ բնութագրելով նրան որպես փայլուն գիտնական և իսկական համալսարանական. «Արմեն Թռչունյանը մեր գիտության առաջամարտիկն էր, որը վայելում էր ոչ միայն համալսարանականների, այլև միջազգային գիտական հանրության սերն ու հարգանքը: Ցավում եմ, որ այս մրցանակը նրան հետմահու է շնորհվում: Վստահ եմ, որ նա դեռ շատ անելիքներ ուներ գիտության, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության դժվարին, սակայն շատ պատասխանատու գործում»:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ Գեղամ Գևորգյանն էլ հույս հայտնեց, որ կրտսեր Թռչունյանը կշարունակի հոր նախանշած գիտական ուղին՝ բարձր պահելով ԵՊՀ-ի հեղինակությունը:

 

Ականավոր պրոֆեսորի կյանքն ու գործունեությունը հակիրճ ներկայացրեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը. «Շուրջ կես դար է, ինչ ճանաչում եմ Արմեն Թռչունյանին, որը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև լավ գործընկեր, հիանալի մանկավարժ և հոգատար հայր: Նրա համբավը դեռևս տասնամյակներ առաջ տարածվել էր Հայաստանի սահմաններից դուրս: Աշխատասիրություն, նպատակասլացություն, խորը գիտելիքներ ու պատասխանատվության չափազանց մեծ զգացում. ահա մեծ գիտնականին բնութագրող կարևորագույն հատկանիշները: Ուստի նրա վաղաժամ մահն անդառնալի կորուստ էր համալսարանի, Կենսաբանության ֆակուլտետի և ընդհանրապես գիտության բնագավառի համար»:

 

 

Կարեն Թռչունյանը շնորհակալութուն հայտնեց ներկաներին հոր գիտական ուղին արժևորելու և բարձրագույն պարգևի արժանացնելու համար. «Ինձ համար շատ դժվար և բավականին հուզիչ պահ է: Նա ինձ համար և՛ հայր էր, և՛ գիտական ղեկավար, և՛ ընկեր: Ես կանեմ հնարավորինս ամեն ինչ՝ շարունակելու նրա ուղին, ավարտին հասցնելու կիսատ գործերը: Վստահ եմ, որ այս ամենն իրագործելու համար բազմաթիվ աջակիցներ ունեմ: Արմեն Թռչունյանի հիմնական նպատակն էր միջազգային գիտական հարթակում մրցունակ դարձնել հայկական ներուժը, և մենք պարտավոր ենք բարձր պահել այդ նշաձողը»:

 

 

Արմեն Թռչունյանի՝ որպես ուսուցչի և մեծ գիտնականի մասին խոսեցին նաև նրա գործընկերներն ու ուսանողները:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Արմեն Թռչունյանը կյանքից հեռացել է 64 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

 

 

 

Վարդուհի Զաքարյան

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական եռօրյա նստաշրջանը:
ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐ ՍՈՒՀԱՅԼԱՆ Մ. ԽԱԼԻԼ ԱԼ-ՋՈՒԲՈՒՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հյուրն էին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Սուհայլան Մ. Խալիլ ալ-Ջուբուրին և երկրորդ քարտուղար, դոկտոր Սաադ Ֆադալա Համզա ալ-Ադդայը: