02.11.2021 | 
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅ-ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀԱՅ-ՊՈՐՏՈՒԳԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել էր Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ներկայացուցիչը Հայաստանում՝ Տիգրան Արզումանյանը:

Արթուր Իսրայելյանը նախ շնորհակալություն հայտնեց հյուրերին այցելության համար՝ համոզմունք հայտնելով, որ կողմերի միջև առկա միջազգային գործընկերության մասին համաձայնագիրը, որը նախատեսում է Լիսաբոնի համալսարանում հայագիտության դասավանդում, կխթանի հայերենի, պորտուգալերենի և երկու երկրների մշակութային ժառանգությունների տարածումն ու կնպաստի ուսանողների և դասախոսների փոխանակման գործընթացին:

 

 

ԵՊՀ պրոռեկտորն ընդգծեց հայկական վիրտուալ քոլեջի առցանց հարթակի կարևորությունն ու հույս հայտնեց, որ համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ է լինելու:

Վահե Մխիթարյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ հայերենն ու հայագիտությանն առնչվող հարցերը հիմնականում հետաքրքրում են մագիստրոսներին, ասպիրանտներին և հետազոտողներին, որոնք մեծ սիրով պատրաստ են իրենց գիտական հետազոտություններն իրականացնել Հայաստանում:

 

Վերջինս ներկայացրեց հայկական վիրտուալ քոլեջի առցանց հարթակի հնարավորություններն ու խոսեց հրավիրված դասախոսների կողմից առկա կամ առցանց ձևաչափով դասախոսությունների անցկացման մասին, ապա հավելեց, որ Լիսաբոնի բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Միգել Տամենին դրական է վերաբերում իրականացվող հայագիտական ծրագրին. «Մեր նպատակներից առաջինը պորտուգալացի հայագետներ պատրաստելն է, երկրորդը՝ ԵՊՀ ուսանողներին Լիսաբոնի համալսարանում վերապատրաստելն ու որպես պորտուգալերենի մասնագետներ Հայաստան ուղարկելն է»:

 

Կողմերը քննարկեցին նաև Լիսաբոնում հայոց լեզվի ու մշակույթի դասընթացների խթանման և Երևանում պորտուգալերենի ու պորտուգալական մշակույթի դասընթացների կազմակերպման գործընթացը:

Հանդիպման վերջում Արթուր Իսրայելյանը ռեկտորատի անունից շնորհակալագիր հանձնեց Վահե Մխիթարյանին հայ-պորտուգալական կրթական կապերի ընդլայնման և զարգացման գործում ունեցած ներդրման համար: