18.05.2017 | 
Գիտություն
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» թեմայով երկօրյա գիտաժողովը:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ-ում գործող «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» (ՀՌԿԿ-Հայաստան) հիմնադրամը:

 

Գիտաժողովը, որը մեկտեղել էր Հայաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների շուրջ 40 հետազոտողների, նպատակ ունի ստեղծել մտքերի փոխանակման և երկխոսության հարթակ Հայաստանի և Թուրքիայի հետազոտողների, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական հատվածի միջև:

 

Մասնագետները ներկայացրին ու քննարկեցին տնտեսության, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, սոցիալ-հոգեբանական և այլ ոլորտներ ներկայացնող մի շարք հետազոտություններ:

 

Բացման խոսքով հանդես եկան «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հեղինե Մանասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի քաղաքական, մամուլի և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

«Մեծ պատիվ է ԵՊՀ-ում հյուրընկալել արտասահմանցի մեր գործընկերներին, ովքեր լուրջ ուսումնասիրություններ են իրականացրել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Գիտաժողովը կազմակերպելու համար «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամը լուրջ ու դժվարին աշխատանք է արել: Մասնավորապես իրականացվել է հետազոտություն, որի արդյունքները 2015 թ.-ին հրապարակվել էին և՛ Երևանում, և՛ Ստամբուլում: Ի դեպ, հարկ է նշել, որ երկու տարի առաջ հայ-թուրքական կապերի վերականգման վերաբերյալ հույսերն ավելի մեծ էին»,- նշեց Հեղինե Մանասյանը և հավելեց, որ իրավիճակը փոխելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են իրականացվում, սակայն դրական փոփոխությունների համար նաև ցանկություն է անհրաժեշտ:

 

Գևորգ Տեր-Գաբրիելյանը հատուկ շնորհակալություն հայտնեց «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի տնօրենին Մայր բուհում նմանաբնույթ միջոցառում կազմակերպելու համար. «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երկու պետությունների միջև բացվեն ոչ միայն դիվանագիտական և տնտեսական դռները, այլև պայմաններ ստեղծվեն գիտական և մշակութային համագործակցության համար: Եվ այն փաստը, որ մենք բոլորս՝ գիտաժողովի մասնակիցներս, նստած ենք Մայր բուհում և խոսում ենք դժվար ու էմոցիոնալ խնդիրների մասին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, արդեն իսկ մեծ նվաճում է, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին»:

 

 

Այնուհետև Հոլանդիայի Ուտրեխտի համալսարանի պատմության ֆակուլտետի դոցենտ, ծագումով թուրք Ումիթ Ունգորը ներկայացրեց «Հայաստան-Թուրքիա՝ փոխելով սոցիալական և քաղաքական սահմանները Ցեղասպանությունից հետո» խորագրով զեկուցումը, որտեղ անդրադարձավ երկու պետությունների միջև հետցեղասպանության շրջանում առկա հիմնահարցերը՝ պատմական փաստերի ճանաչում, փոխընկալում, քաղաքական ու ինքնության սահմաններ և այլն:

 

«Ցեղասպանությունն այն հիմնական խոչընդոտներից է, որը սեպի պես խրված է հայ-թուրքական հարաբերությունների միջև: Ես բազմաթիվ աշխատություններ եմ գրել ցեղասպանությունների մասին, ուսումնասիրել հայերի, հրեաների և Ռուանդայի բնակիչների հանդեպ կատարված սարսափելի վայրագություններն ու խորապես վստահ եմ, որ պատմական փաստերի ընդունումն ու ճանաչումն էապես կփոխեն տարածշրջանում տիրող անառողջ մթնոլորտը,- ասաց բանախոսը և շարունակեց,- ես հույս ունեմ, որ Թուրքիայում ի վերջո կհայտնվի մի խիզախ առաջնորդ, ով կփոխի ներկայիս պատկերը և մի օր հայ-թուրքական սահմանները կբացվեն, մի օր ես էլ իմ հայրենի երկրում հանգիստ կվայելեմ այդքան համեղ «ժենգյալով հացը»»:

 

Միջազգային գիտաժողովն աշխատանքները կշարունակի նաև վաղը:

 

Հ.Գ.: Գիտաժողովի ընթացքում հնչած առավել հետաքրքիր զեկուցումներին կանդրադառնանք «Երևանի համալսարան» թերթի հաջորդ համարում:

Այլ նորություններ
ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը: