26.06.2018 | 
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՏԵՂՆ Է». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ՏԵՂՆ Է». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆ
23-ամյա Վարդան Ալոյանն, ով պատրաստվում է առաջիկայում իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ և մեկնել զինվորական ծառայության, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Միջուկային ֆիզիկայի ամբիոնի սանը 2015 թ.-ից Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (Ցեռն) հետ համագործակցող «LHC»-ի դետեկտորից մեկի՝ «CMS» խմբի անդամ է:

2012 թ.-ին Մայր բուհ ընդունված Վարդանը ժամանակի ընթացքում կարողացել է իրեն լավագույնս դրսևորել՝ հայտնվելով ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտում գործող միջազգային կազմակերպության Երևանի խմբի կազմում:

 

«Ժնևում գործող Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության հադրոնային կոլայդերը՝ «LHC»-ին, տարրական մասնիկների արագացուցիչ է, որտեղ պրոտոններն արագանալով բախվում են հանդիպակաց ուղղություններով: Մենք ուսումնասիրում ենք այդ բախումները, որոնց արդյունքում ծնվում են միլիարդավոր նոր մասնիկներ: Դրանց մի մասը կարճ տևողություն ունեն և դետեկտորում չեն գրանցվում, իսկ գրանցվածները դառնում են մեր ուսումնասիրության օբյեկտները: Մասնավորապես զբաղվում ենք մասնիկների վերականգնմամբ, դրանց հատկությունների, ինչպես նաև ստացված տվյալների մշակմամբ: Չնայած դա գիտության մեջ կիրառական նշանակություն չունի, այնուամենայնիվ առանց ֆունդամենտալ հիմքի՝տեսական գիտելիքի զարգացում չի կարող լինել»,- ասում է ԵՊՀ շրջանավարտը:

 

Արագացուցչի աշխատանքի արդյունքում ստացված տվյալների ուսումնասիրությամբ և մշակմամբ զբաղվող Վարդանն արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է նաև ծրագրավորմամբ:

 

«Տվյալների մշակման ու հաշվարկման համար ծրագրավորման գիտելիքները գրեթե պարտադիր են, ուստի զուգահեռաբար նաև ծրագրավորում եմ: Ազնվության համար պետք է նշել, որ ֆիզիկայի տեսական գիտելիքներն են ինձ օգնում են շատ արագ յուրացնել ծրագրավորման հմտությունները: Երկու մասնագիտություններն էլ շատ հարազատ են ինձ և չէի ցանկանա այլընտրանքի առջև կանգնել: Ծառայությունից հետո կփորձեմ համատեղել ֆիզիկան և ծրագրավորումը, ամեն դեպքում մինչև օրս ստացվել է համատեղել»,- նշում է Վ. Ալոյանը:

 

Հավելենք, որ ներկայումս համալսարանականը որպես ծրագրավորող է աշխատում նաև «UAV-LAB» հայաստանյան ընկերությունում, որը զբաղվում է անօդաչու սարքերի արտադրությամբ:

 

Երիտասարդ գիտնականին ոգևորում է հեռանկարային երիտասարդների հետաքրքրությունը գիտության հանդեպ, սակայն սահմանափակ ֆինանսավորումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

 

«Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, սակայն գիտության ֆինանսավորումը բավարար չէ: Գիտելիքի ու հմտության պակաս չկա, կա ֆինանսի պակաս, ինչը երիտասարդի համար մեծ խոչընդոտ է: Եթե աշխատում ես, պետք է կարողանաս ապահովել քո և հետագայում նաև ընտանիքիդ կարիքները, սակայն գիտությամբ զբաղվող երիտասարդի համար դժվար է: Այդ է պատճառը, որ այլընտրանքային տարբերակ ես որոնում գումար վաստակելու համար, այդ պարագայում գիտությունն արդեն տուժում է: Գալիս է մի պահ, երբ այլընտրանքի առջև ես կանգնում, իսկ համատեղելն արդեն անհնար է դառնում: Միայն ֆինանսավորման պատճառով չեմ պատկերացնում ապագաս ֆիզիկայի բնագավառում: Սակայն հեռանալու ցանկություն էլ չունեմ, կաշխատեմ համատեղել նախընտրածս մասնագիտությունները և մնալ այստեղ՝ հայրենիքում, քանի որ  Հայաստանն ապրելու և արարելու համար ամենալավ տեղն է»,- ընդգծում է Վարդան Ալոյանը:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ. ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ.  ՊՐՈՖԵՍՈՐ  Գ.  ՀԱՋՅԱՆԸ  ԳՐԻԳՈՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հիանալի մարդ, հիանալի դասախոս, հիանալի գիտնական»: Այս խոսքերը, որով ուսանողները վերջին սոցհարցումների միջոցով գնահատել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա դասախոս Գրիգոր Ալավերդյանին, լավագույն նվերն են նրա ծննդյան 70-ամյակին: