13.04.2018 | 
Գիտություն
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԵՊՀ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԲԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԵՊՀ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԿԲԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում բացվեց Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիա՝ վերազինված լաբորատոր նոր սարքավորումներով և տեխնիկայով:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության ֆինանսավորմամբ ստեղծված գիտական լաբորատորիան Հայաստանում գործող հայ-գերմանական միացյալ երկու լաբորատորիաներից մեկն է, որը համատեղ աշխատանքներ է իրականացնում նաև ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ՝ ընդգծելով ակադեմիական և բուհական գիտությունների սերտ կապը:

 

Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիան ստեղծվել է 2017 թ.-ին Հայաստանի գիտության պետական կոմիտեի ու Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա:

 

Լաբորատորիայի հիմնադրման համար հիմք է հանդիսացել ԵՊՀ-ի և Յենայի մարդու գենետիկայի ինստիտուտի միջև առկա ավելի քան 15 տարվա համագործակցությունը, որի շրջանակում տպագրվել է մոտ 100 գիտական աշխատանքներ, իրականացվել գիտաշխատողների և ուսանողների շուրջ 45 գործուղումներ:

 

Գիտական լաբորատորիան հետազոտություններ է իրականացնում 4 հիմնական ուղղություններով՝ գենաթունաբանական նոր մարկներների մշակում, մարդու գենոմում ԴՆԹ վնասվածքների բաշխում և քիմիական մուտագենների մոլեկուլային-բջջագենետիկական էֆեկտների վերլուծություն, AREAL էլեկտրոնների արագացուցչի ճառագայթման մոլեկուլային-բջջագենետիկական արդյունքների  ուսումնասիրություն և անպտղությամբ տառապող հիվանդների մոտ ԴՆԹ կրկնողությունների թվի փոփոխությունների գնահատում:

 

«Ամբիոնի հետ բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք: Այս լաբորատորիան մեզ թույլ կտա էլ ավելի ընդլայնել փոխգործակցության ոլորտները՝ ներառելով նոր գիտակրթական ծրագրեր: Համագործակցությունը փոխշահավետ է և արդյունավետ, քանի որ երիտասարդ գիտնականներն ու ուսանողները կարողանում են գործողումների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով հմտանալ և նոր որակավորումներ ստանալ»,- ասում է լաբորատորիայի համաղեկավար, ԵՊՀ-ի պատվավոր դոկտոր և ֆակուլտետի հրավիրյալ դասախոս Թոմաս Լիրը:

 

Ի դեպ, Յենայի մարդու գենետիկայի ինստիտուտի մոլեկուլային բջջագենետիկայի լաբորատորիայի վարիչ Թոմաս Լիրը յուրաքանչյուր տարի ԵՊՀ-ում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար հանդես է գալիս դասախոսություններով, ինչպես նաև իրականացնում գիտական խորհրդատվություն ամբիոնի մասնագետների համար:

 

Ամբիոնում անցկացվեց նաև լաբորատորիայի աշխատանքին նվիրված աշխատաժողով, որի ընթացքում քննարկվեցին համագործակցություն հիմնական ուղղությունները, արդեն իսկ գրանցված գիտական արդյունքները, կրթական ծրագրերը, որտեղ նախատեսվում է ներառել նաև մագիստրոսական ծրագրեր:

 

 

«Հարկ է նշել, որ ծրագրում ընդգրկված են նաև մյուս ամբիոնները: Մասնավորապես ամռանը Կենդանաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր Մարինա Առաքելյանը կղեկավարի մողեսների քրոմոսոնների ուսումնասիրությունները: Կքննարկվեն կենսաբանական վիճակագրության մեթոդների կիրառումը կոնկրետ գենետիկական աշխատանքներում: Երկու տարվա համար նախատեսված ստույգ ծրագրեր ունենք, վստահ ենք, որ այս համագործակցության արդյունքում  մեր ասպիրանտները, գուցե ապագայում նաև մագիստրանտները կատարելագործվելու համար կկարողանան գործուղվել Գերմանիա»,- ասում է Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունը և հավելում, որ  Պետհամալսարանի և ՀՀ ԳԱԱ-ի միացյալ ուժերով նախատեսվում է ստեղծել բջջագենետիկային և մոլեկուլային գենոմիկային նվիրված նոր ամսագիր, որը կգործի էլեկտրոնային տիրույթում:

 

Հավելենք, որ լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետի դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ովքեր բարձր գնահատեցին ամբիոնի աշխատանքները:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
«ԳՐԱԲԱՐՅԱՆ ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ». ԱՆՆԱ ԱԲԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների պրոֆեսոր,ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանի «Գրաբարյան դարձվածքների ձևաիմաստային և կառուցվածքային քննություն. դրանց դրսևորումները արդի արևելահայերենում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ԽՈՍՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման է արժանացել «Իսլամական ծայրահեղականությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարտահրավերները» գիտական թեման։