04.05.2018 | 
Գիտություն
ՀԱՅ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
ՀԱՅ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ  ՆԱԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Նորվեգիայի Բերգենի համալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ հրավիրյալ դասախոս Նիլս-Կորե Բիրկելանդի պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Բերգենի համալսարանի երկարամյա համագործակցության շրջանակում Նիլս-Կորե Բիրկելանդը ԵՊՀ-ում բազմիցս հանդես է եկել դասախոսություններով:

 

Ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանն այսօր ասաց, որ այս համագործակցությունը բավականին արդյունավետ է և անպայման շարունակական կլինի. «Սա միջազգային կարևոր ծրագիր է, որի նպատակն է խթանել գիտակրթական գործունեությունը տարբեր երկրներում: Այս համագործակցության արդյունքում է, որ մեր ուսանողները բազմաթիվ անգամ հնարավորություն են ունեցել լսելու պարոն Բիրկելանդը  դասախոսությունները, որի համար մեր ամբիոնի կողմից ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պրոֆեսորին»:

 

Արմեն Թռչունյանը պատմեց նաև, որ նորվեգացի պրոֆեսորն իր առաջին իսկ այցելության ժամանակ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել է, թե որ պետություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը և անձամբ նորվեգական ժողովրդի հետ մեծ աջակցություն է ցուցաբերում այդ հարցում. «Պարոն Բիրկելանդը վաղն անձամբ կգնա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ իր միջոցներով կազմակերպվելու է ծառատունկ՝ ի հիշատակ հայ-նորվեգական բարեկամությանը»:

 

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը պարգևատրման արարողությունից առաջ ներկայացրեց, որ այս համագործակցությունը սկսվել է ամբիոնին տրամադրված դրամաշնորհի շրջանակում. «Այդ ժամանակ 3 ամսով հնարավորություն ունեցա լինել Բերգենի համալսարանում, աշխատել պրոֆեսոր Բիրկելանդը գլխավորած լաբորատորիայում, որտեղ էլ ծանոթացա նրա հետ: Մեր ծանոթությունից հետո պրոֆեսորն ուսումնասիրեց և ծանոթացավ հայ ազգի հետ ու սիրեց մեզ: Մենք դարձանք արդեն լավ ընկերներ և որոշեցինք համագործակցության հիմք ստեղծել Բերգենի համալսարանի և ԵՊՀ-ի միջև»:

 

Համագործակցության ծրագիրը, Հովիկ Փանոսյանի հավաստմամբ, ֆինանսավորվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն իր տեսակի մեջ առաջին գիտակրթական ծրագիրն է եղել: Ժամանակի ընթացքում համագործակցությունն ընդլայնվել է՝ իր մեջ ներառելով նոր երկրներ և դառնալով ցանցային ծրագիր:

 

«Ցանցի կարևորությունը Հայաստանի, մասնավորապես ԵՊՀ-ի համար այն է, որ այստեղ մենք դարձանք ոչ միայն գիտություն սպառող կամ գիտություն ներմուծող երկիր, այլև դարձանք գիտություն արտահանող երկիր: Եվրոպական առաջադեմ միտքը մենք յուրացնում ենք, հետո փորձում ենք հասնել այդ մակարդակին ու փոխանցում այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն: Այս ցանցում ԵՊՀ-ն կենտրոնական դեր է ստանձնել Եվրոպայից Չինաստան և հակառակ ուղղությամբ գիտական նոր արդյունքները փոխանցելիս»,- պարզաբանեց Հովիկ Փանոսյանը:

 

 

Ամբիոնի դոցենտը փաստեց, որ համագործակցության հաստատված ծրագիր կա մինչև 2021 թվականը, որի շրջանակում կշարունակեն փորձի փոխանակումը և էլ ավելի մեծ արդյունքներ կգրանցեն:

 

Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը Նորվեգիայի Բերգենի համալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ հրավիրյալ դասախոս Նիլս-Կորե Բիրկելանդը  հայ-նորվեգական բարեկամության զարգացման գործում ունեցած վաստակի համար պարգևատրեց Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:

 

 

Միջոցառման ավարտին Նիլս-Կորե Բիրկելանդին և Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ծաղկեպսակ են տեղադրել ԵՊՀ երախտիքի ծառուղում տեղադրված Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրու դիմաց:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԵԼԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով ժամանակին հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Հայաստանի տարածքում գարու մշակությունը սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ
ԵՊՀ-ում մայիսի 21-ից 25-ը մաթեմատիկոս ուսանողների համար կանցկացվի հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոց: Այն իրականացվելու է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: