20.12.2018 | 
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՐԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԱՊԱԳԱ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՐԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» թեմայի շրջանակում իրենց հերթական դասն անցկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Թանգարանային այցելության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն առավել մանրամասն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին պատմող թանգարանային նմուշներին,  այլև ակտիվ քննարկում ծավալեցին միջազգային դիվանագիտության մեջ հայկական հարցին վերաբերող իրադարձությունների մասին:

Քննարկման ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր բարձրաձայնեցին, որոնք վերաբերում էին ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, այնպես էլ այդ գործընթացում ապագա քաղաքագետների դերին:

 

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Շիրակ Թորոսյանի կարծիքով, նմանօրինակ արտալսարանային դասախոսություններն ուսանողների համար շատ կարևոր նշանակություն ունեն:

Ըստ դասախոսի՝ թանգարանային այցելություններն ուսանողների համար լավ հնարավորություն են ծանոթանալու թեմային վերաբերող արտալսարանային նյութին, բացի դրանից՝ ուսանողները կարող են իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել այն ցուցանմուշ-փաստերում, որոնք ներկայացված են թանգարանում:

 

Վերջում ուսանողներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին անմար կրակի շուրջ:

«Յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե ճակատագիրն իրեն ուր է տարել, պետք է հիշի, որ հայրենիքն իր ուշադրության և նվիրումի կարիքն ունի»,- ասաց Շիրակ Թորոսյանը:


Անի Պողոսյան