26.05.2017 | 
Մշակույթ
ԲԵՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ ԷԻՆ
ԲԵՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ ԷԻՆ
Մայիսի 25-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «Համալսարան» անսամբլի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական համերգ:

Տոնական համերգը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի համագործակցության շրջանակում և նվիրված էր հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, մայիսի 24-ին Հայաստան ժամանած վրացական բուհի պատվիրակությունը՝ դեմս ռեկտոր Գեորգի Շարվաշիձեի, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Տոնական համերգի ողջույնի և բացման խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Մայր բուհի և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի միջև համագործակցությունը բավականին ամուր հիմքեր ունի. «Համագործակցության շրջանակում իրականացվել են գիտական, ուսումնական և փոխանակման ծրագրեր, որոնք այսօր հաջողությամբ զարգանում են: Եվ մենք որոշել ենք ոչ միայն շարունակել, այլև խորացնել ու ավելի ամրապնդել մեր համագործակցությունը»:

 

 

ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն տոնական համերգի մեկնարկից առաջ, ողջունելով ներկաներին և շնորհավորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների առթիվ, ասաց, որ միջոցառումը նպատակ ունի նաև հայ և վրացի ուսանողներին ընկերանալու հնարավորություն ստեղծելու. «Մենք հասկանում ենք, որ մեկ օրով չենք կարող ամուր կապ ստեղծել, բայց սա հիանալի սկիզբ կարող է դառնալ: Իսկ այդ կապն ավելի կամրապնդի երկու երկրների դարավոր բարեկամությունը»:

 

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն էլ իր խոսքում նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հաստատվել են շատ ավելի վաղ, քան դիվանագիտական հարաբերությունները. «Մեր համալսարանում, որը հիմնադրվել է 99 տարի առաջ, հենց սկզբից էլ պատկառելի մասնագետների կողմից դասավանդվել է «Հայագիտություն» առարկան: Ես համոզված եմ, որ մենք, ունենալով բազմադարյա բարեկամություն, կունենանք նաև լավ ապագա»:

 

Տոնական համերգի սկզբում իրենց կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը և աղջիկների պարային համույթը, որից հետո ամբողջ երեկոյի ընթացքում Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «Համալսարան» անսամբլի սաները կատարեցին վրացական երգի ու պարի ճանաչված և սիրված ստեղծագործություններ:

 

 

Միջոցառման ավարտին էլ Հայաստան-Վրաստան մշակութային կապի և համագործակցության ընկերության նախագահ Էդուարդ Եդիկիսելովը պատվոգրեր հանձնեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի «Համալսարան» անսամբլի ղեկավարին:

Այլ նորություններ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԳՈԲԵԼԵՆՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գոբելենի վարպետության դաս, որը վարեց Հայաստանի և Ռուսաստանի ժողովրդական վարպետ Յուրի Հովսեփյանը:
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 9-րդ կրթամշակութային մեկշաբաթյա արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որն այս տարի ուներ «Ազգ-բանակ» նշանաբանը: