13.07.2017 | 
Կրթություն
100-ԻՑ ԱՎԵԼԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ
100-ԻՑ ԱՎԵԼԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ
Այս տարի ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ-ի համատեղ կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցին մասնակցում են 29 երկրներից ժամանած 262 սփյուռքահայեր: Ամենամեծ թվով մասնակիցներ ներգրավված են «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացում, որի մասին առավել մանրամասն զրուցել ենք ԵՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու, դասընթացի համակարգող Մերի Հովհաննիսյանի հետ:

- Ծրագիրը կազմակերպվում է արդեն 5-րդ տարին, ինչը վկայում է, որ այն հաջողություն ունի: Ի վերջո, ի՞նչ է այն տալիս մասնակիցներին:

 

- Մեջբերեմ Սարոյանի խոսքերը. «Մենք հաջորդ սերունդներին փոխանցում ենք ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է հաջորդին սովորեցնել հայոց լեզու»: Այս պատգամը մենք ստացել ենք մեծանուն գրողից, ով շատ լավ գիտակցել է մայրենի լեզվի կարևորությունը հայրենի սահմաններից դուրս: Այսօր Սփյուռքում լուրջ խնդիր ունենք: Օտար ափերում բնակվող ընտանիքներում հաղորդակցվում են օտար լեզվով: Այսպես կորցնում ենք մեր ազգային դիմագիծը, ինքնության ամենակարևոր երաշխիքներից մեկը՝ լեզուն: ՀՀ Սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով իրականություն դարձած «Սփյուռք» ամառային դպրոց-ծրագիրն այս առումով ազգապահպանությանն ուղղված կարևոր քայլ է, որը միանշանակ   իրագործում է իր առջև դրված բոլոր նպատակները: Այդ մասին փաստում է դասընթացի ավարտին մասնակիցների շուրթերից հնչող հայաբառ խոսքը:

 

- Ո՞ր երկրներից են հայոց լեզվի ուսուցման դասընթացի այս տարվա մասնակիցները, և ովքե՞ր են նրանք: 

 

- Հարկ է նկատել, որ տարեցտարի նկատվում է մասնակից երկրների թվի աճ: Ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացի հարյուրից ավելի մասնակիցների մեծ մասը Ռուսաստանից են (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Տուապսե, Պյատիգորսկ, Տյումեն, Վոլգոգրադ, Սարատով, Օրյոլ, Կիսլովոդսկ, Դոնի Ռոստով, Լոբնյա և այլ քաղաքներ): Մասնակիցներ ունենք նաև Աբխազիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Սլովակիայից, Վրաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից:

 

 

- Տարիքային որևէ առանձնահատկություն կա՞: Ո՞ր տարիքի մասնակիցներն են առավել հետաքրքրված ծրագրով:

 

- Դասընթացի մասնակիցների շրջանում մեծ թիվ են կազմում 20-30 տարեկան երիտասարդները: Կան նաև այլ տարիքի մասնակիցներ, ամենակրտսերը 12 տարեկան է, իսկ ամենատարեց մասնակիցը՝ 74: Ուրախալի է, որ մայրենի լեզուն սովորելու պատրաստակամությամբ համակվել են տարբեր տարիքի և տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Բոլորի նպատակը մեկն է՝ սովորել հայերեն կամ լավ տիրապետել հայերենին:

 

- Ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվում մասնակիցների բաժանումն ըստ խմբերի և դասընթացն առհասարակ:

 

- Դասընթացն իրականացվում է հետևյալ սկզբունքով. մասնակիցները նախապես՝ մինչև ծրագրի սկսվելը, գրանցվելիս նշում են հայերենի իմացության իրենց մակարդակը, ինչպես նաև այն լեզուն, որին տիրապետում են կամ որով ցանկանում են՝ իրականացվի ուսուցումը: Ըստ իմացության մակարդակի՝ առանձնացվում են համապատասխան խմբեր՝ հայերեն սկսնակների համար, հայերենի ուսուցման նախամիջին (ցածր) մակարդակ, հայերենի ուսուցման միջին մակարդակ: Այս տարի առանձնացված է ռուսախոսների վեց խումբ՝ ըստ իմացության երեք մակարդակների, մեկ խումբ՝ անգլիախոսների համար, և արևմտահայերենի խումբ՝ թուրքախոսների համար:

       Հիմնական խնդիրը կապված է մասնակիցների ոչ ճիշտ գրանցման հետ: Փորձը ցույց է տալիս, որ մասնակիցների մի ստվար հատված գրանցման գործընթացում սխալ է նշում հայերենի իմացության  իր մակարդակը: Այդ նպատակով մինչև դասերի սկսվելը նրանց տրվում է թեստային առաջադրանք, դրանից հետո կատարվում է խմբերի վերադասավորում՝ ըստ իմացության մակարդակների: Դա, իհարկե, լուծելի խնդիր է: Մի քանի օրվա ընթացքում հնարավոր է դառնում խմբերում ներգրավել նույն իմացության մակարդակի մարդկանց, որպեսզի դասախոսների համար առավել դյուրին լինի դասընթացի անցկացումը: Դասընթացի շրջանակում մշտապես հետևում ենք մասնակիցների արձագանքներին, փորձում հաղթահարել յուրաքանչյուր խնդիր, եթե այդպիսին լինում է:

 

 

- Դասընթացը տևում է շուրջ 1 ամիս, որը բավականին կարճ ժամանակահատված է լեզու ուսումնասիրելու համար, սակայն եթե հաշվի առնենք, որ մասնակիցների մեծ մասը լեզվին որոշակի մակարդակով տիրապետում է, ապա ո՞րն է դասընթացի վերջնարդյունքը: 

 

- Դասընթացի շրջանակում դրված են հստակ խնդիր և նպատակ՝ հայերեն չիմացող կամ վատ իմացող մասնակիցներին սովորեցնել հայերենի այբուբենը, տալ համապատասխան գիտելիքներ լեզվի տարբեր մակարդակներից, որոշակի բառապաշար՝ առօրյայում հաղորդակցվելու համար, ինչպես նաև զարգացնել մտքերը հայերեն արտահայտելու կարողությունները: Դասընթացի հաջող ավարտին մասնակիցները կարողանում են կարդալ հայերեն, ունենալով քերականական որոշակի գիտելիքներ և բառապաշար՝ լսել և հասկանալ հայերեն խոսք, կազմել նախադասություններ և հաղորդակցվել առօրյա թեմաներով:

 

- Մեկ ամիս շարունակ մասնակիցները դասերի են հաճախում, սովորում, առաջադրանքներ կատարում և այլն: Դասընթացի ավարտին ինչպե՞ս է ստուգվելու նրանց ստացած գիտելիքների մակարդակը:

 

- Նշեմ, որ դասընթացը վարում են համալսարանական դասախոսները: Ուսումնական դասընթացում զուգակցվում են տեսական ու գործնական պարապմունքները: Ուսումնական փուլի ավարտից հետո մասնակիցներին տրվում է հավաստագիր, եթե նրանք դրական արդյունքով հանձնում են թեստային քննությունը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունեն երեք օրից կամ ինը դասաժամից ավելի բացակայություն: 

 

 Զրուցեց

Ծովինար Կարապետյանը

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: