23.10.2015 | 
Հասարակություն
ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ
ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ
«Հայաստան. հարակայուն մշակույթի ձեռագրերը» խորագրով ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի 2500-ամյա պատմությանը և մշակույթին:

Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի հնագույն գրադարաններից մեկը` Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը, պատմության մեջ առաջին անգամ ցուցադրեց հայկական հազվագյուտ ձեռագրերի և տպագիր գրականության իր հավաքածուն` 100-ից ավելի ցուցանմուշներ:

 

Պատվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ցուցահանդեսի կազմակերպիչները նպատակ ունեն այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական և գրական կոթողներից մինչև աշխարհասփյուռ հայկական համայնքների ու առևտրականների թողած ժառանգությունը:

 

Ցուցադրության կենտրոնական մեխը 17-րդ դարասկզբի հայտնի մանրանկարիչ Մեսրոպ Խիզանեցու ծաղկած հիասքանչ Ավետարանը և նրա աշակերտ՝ Հակոբ Ջուղայեցու ձեռագրերն էին, ինչպես նաև հայկական առաջին տպագիր գրքերի օրինակները:

 

Հիմնական թեման, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության պատմությունն էր: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեստրի և Լոնդոնի համայնքներից, որոնք նկարագրում էին Ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի մշակութային և կրոնական կյանքը՝ անհատական պատմություններով հանդերձ: Ներկայացվեց նաև Մեծ եղեռնի մասին անդրադարձը ժամանակակից գրականությունում, մասնավորապես Հրանտ Դինքի, Էլիֆ Շաֆակի և Ֆեթիյե Չեթինի գործերում:

 

Հարկ է նշել, որ նման կարևոր նախաձեռնությունն իր ազդեցությունն ունեցավ բրիտանական լայն հասարակության և հատկապես միջազգային ուսանողական շրջանակում:

 

Հ.Գ.: Օքսֆորդի համալսարանի սրտում տեղակայված այս կարևոր կրթական կենտրոնը հիմնվել է 1602 թ.-ին, սակայն արմատներով գնում է մինչև 14-րդ դարի խորքերը: Գրադարանը՝ ավելի քան 11 միլիոն գրքերով, իր մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում:

Այլ նորություններ
«ՄԱՅՐԵՆԻՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՆՁՆԱԳԻՐԸ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ  ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆԻ» ՍԱՆԵՐԸ  ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԵՆԻԻ  ՕՐԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենի լեզու, Մայր ճեմարան, Մայր համալսարան» խորագիրը կրող միջոցառումը:
«ԱՅՍ ՕՐԸ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱ՝ ԳՐԱԿԱՆ  ՀԱՅԵՐԵՆՈՎ, ԳԵՂԵՑԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՈՃ Է». ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Մայրենի լեզվի միջազգային օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբերին, և 2000 թվականից սկսած՝ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում: