16.10.2021 | 
Հասարակություն
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը: 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով: Հետագայում Հայաստանի կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»։

Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի հետ:

 

-Պարո՛ն Պետրոսյան, կցանկանայի՝ համառոտ անդրադարձ կատարեիք հայ մամուլի անցած ճանապարհին:

 

- Հայոց պատմության մեջ մամուլը բացառիկ դեր ունի: Ավելի քան երկու դար նրան վիճակված էր դառնալու հայ ժողովրդի հասարակական-քաղաքական, սոցիալ-մշակութային կյանքի տարեգիրը, որի էջերում սերունդների հոգեմտավոր գործունեության պատկերն աննախադեպ է իր համակողմանի և բազմաշերտ մատուցմամբ: Այստեղ կուտակված ահռելի  հարստության ուսումնասիրությունը դեռ երկար տասնամյակներ կպահանջի հայագիտության հետազոտական հաստատություններից:

 

Պատմություն, փիլիսոփայություն, արվեստ, քաղաքականություն, տնտեսություն... Չկա հանրային կյանքի մի ոլորտ, որ անտեսված լինի մամուլի կողմից: Առաջին հայ պարբերականի խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանը թերևս պատկերացնում էր, թե քաղաքակրթական նոր մարտահրավերների շեմին ինչ կարևոր զենքի տեր է դարձնում իր ժողովրդին: Հատկապես 20-րդ դարասկիզբը հայ մամուլի ոսկեդարն էր, երբ վերջինս, գործելով հոգևոր հայրենիք ստեղծելու առաքելությամբ, մեծապես նպաստեց  հայոց պետականության վերականգնմանը:

 

- Արդյո՞ք հայ մամուլում նույն ոգևորությունն առկա էր նաև 20-րդ դարավերջին՝ Երրորդ Հանրապետության առաջին տարիներին:

 

- Այո՛, պարզապես քաղաքակրթական մարտահրավերներն արդեն ուրիշ էին: 1990-ականներից  համացանցը փոխեց աշխարհի հաղորդակցական պատկերը. դրվեց թվայնացման դարաշրջանի սկիզբը:

 

 

- Ֆակուլտետում Դուք դասավանդում եք «Հայ մամուլի պատմություն» առարկան: Հետաքրքիր է՝ ի՞նչ վերաբերմունք ունի վերջինիս հանդեպ սոցցանցերում «ապրող»  ուսանողը:

 

- Շատ կարևոր է, թե առարկայի մատուցման ինչ մեթոդ ես ընտրում: Նշեմ դրանցից մեկը: Մեր առաջին իսկ հանդիպմանն ուսանողներին ասում եմ. քանի  որ երեկ   հրապարակված նյութն արդեն իսկ պատմություն է, ուրեմն իրենք ևս այդ մամուլի պատմության կերտողներն են մեր օրերում: Այսինքն՝ պետք է զգան իրենց իբրև համամասնակից-համահեղինակներ և քաջատեղյակ լինեն նախորդների վաստակին: Կարևորում եմ նաև նրանց հետ ինտերակտիվ-երկխոսային հաղորդակցումը, ինչը որոշակի թարմություն է հաղորդում նյութի մատուցմանը:

 

- Մեր օրերում հաճախ է խոսվում տպագիր մամուլի մահվան մասին: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

 

- Իրոք, մամուլի թերթային տարբերակն այլևս քննություն չի բռնում: Այս իրողությունը գիտակցելով՝ խմբագիրները ժամանակին իրենց պարբերականները տեղափոխեցին համացանցային տարածք: Եվ տպագիրին փոխարինեց առցանց մամուլը: Վերջինս համացանցի շնորհիվ ձեռք բերեց մի շարք առավելություններ, որոնք վերաիմաստավորեցին մամուլի տեղն ու դերը մեր կյանքում: Նախ՝ նշեմ, որ   տպագիր տարբերակ ունեցող առցանց պարբերականներն իրենց արհեստավարժությամբ լավագույնն են համացանցում: Այսինքն՝ դասական լրագրության ավանդույթներն այստեղ ինչ-որ առումով շարունակվում են: Սրա հետ մեկտեղ, առցանց մամուլի գործունեությանը համընթաց, բազմապատկվեց ընթերցողների թիվը՝ լսարանի աննախադեպ ակտիվությամբ, կայքերի մեծ մասը լույս է տեսնում մի քանի լեզվով, նրանց հասանելիության շնորհիվ տեղեկությունը վայրկյանների ընթացքում հասնում է աշխարհի տարբեր ծայրեր, տվյալ կայքի արխիվը հնարավորություն է տալիս անմիջապես գտնելու պարբերականի ցանկացած համար և հրապարակում, ավելի օպերատիվ ու բազմակողմանի են դարձել խմբագիրների, լրագրողների աշխատանքները և այլն:

 

- Մեդիայում տիրող նմանատիպ ակտիվ գործընթացների դեպքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետը կարողանո՞ւմ է հետ չմնալ ժամանակից:

 

- Միանշանակ, մենք քայլում և գործում ենք ժամանակի հաղորդակցական մարտահրավերներին համընթաց: Ըստ այդմ՝ ամբիոններում փոխվում են դասավանդման ծրագրերը, վերջին տարիներին ներառել ենք մի շարք դասընթացներ, որոնք համահունչ են նոր մեդիային առաջադրվող պահանջներին և դիտարկվում են իբրև գիտակրթական առաջնահերթություններ: Նշեմ դրանցից մի քանիսը՝ «Համացանցային ԶԼՄ-ներ. տեսություն և պրակտիկա», «Տեղեկատվական անվտանգություն և կոնվերգենտ մեդիա», «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ և հասարակություն», «Մեդիա, հաղորդակցություն և մշակույթ»  և այլն: Ամբիոնում ներգրավված առաջատար մասնագետները  շարունակում են իրենց ուսումնագիտական  որոնումները: Իսկ հայ մամուլը, վստահ եմ, այսուհետ ևս հավատարիմ կմնա իր առաքելությանը՝ զարգացման նոր փուլերին համարժեք ինքնադրսևորման ձևաչափերով:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: