Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցում էր 13 երկրի մոտ 200 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնում էր 10 աշակերտ:
«Ինդոնեզիայից օլիմպիադայի մասնակցության հրավեր ստանալով՝ մենք ընտրեցինք դպրոցականների կենսաբանության միջազգային օլիմպիադայի այս տարվա աշակերտներից 10 մասնակցի: Կիրառական կենսաբանության օլիմպիադան ձևաչափով բոլորովին տարբերվում էր կենսաբանության մյուս օլիմպիադաներից»,- ասաց Հայաստանի թիմի ղեկավար Գայանե Ղուկասյանը:
Վերջինիս խոսքով, առաջին փուլում մասնակիցներն առաջադրված թեմայով երեք ժամվա ընթացքում պետք է անգլերեն գիտական հոդված գրեին. «Մենք ընդամենը երեք օր ունեինք՝ մեր մասնակիցներին նախապատրաստելու և գիտական հոդված գրելու սկզբունքները բացատրելու համար: Ընդ որում՝ մենք տեղյակ չէինք թեմաներին, մեզ հայտնի էր միայն ձևաչափը»:
Տիկին Ղուկասյանի տեղեկացմամբ, թեև օլիմպիադայի առաջին փուլը Հայաստանի մասնակիցների համար ոչ այնքան հաջող մեկնարկեց, քանի որ մոտ 20 րոպե հոսանք չկար, սակայն մասնակիցները պատվով հաղթահարեցին այն. օլիմպիադայի երկրորդ՝ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացան 10 երկրների 30 աշակերտներ, որոնցից 5-ը՝ Հայաստանից:
«Եզրափակիչ փուլում մասնակիցներն առաջադրված երեք թեմաներից պետք է ընտրեին մեկը և երկու ժամվա ընթացքում շնորհանդես պատրաստեին, ապա այն բանավոր ներկայացնեին, ընդ որում՝ կրկին անգլերեն: Բանավոր ներկայացումը չպետք է գերազանցեր 5 րոպեն, քանի որ էկրանն անջատվում էր, դրան հաջորդում էր հարցուպատասխանը՝ մոտ 3 րոպե»,- մանրամասնեց տիկին Ղուկասյանը:
Արդյունքում Հայաստանի թիմն արժանացավ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալների (Մանե Կուրղինյան՝ ոսկե մեդալ, Համլետ Կարայան և Լեոնիդ Ասատրյան՝ արծաթե մեդալ, Ալլա Ավետիսյան և Արման Հայրապետյան՝ բրոնզե մեդալ)։
Օլիմպիադայի առցանց փակման արարողության ժամանակ զեկուցումով հանդես եկավ Հայաստանի թիմի ղեկավար Գայանե Ղուկասյանը՝ ներկայացնելով, թե համավարակի ընթացքում ինչպես են կազմակերպել դպրոցականների ուսուցումն ու նախապատրաստումը։
Ի դեպ, տիկին Ղուկասյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, ԿԳՄՍ նախարարությունը ԵՊՀ-ին է հանձնարարել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներով զբաղվելը:
Գայանե Ղուկասյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի կորոնավիրուսի համավարակն այլևս խոչընդոտ չի լինի, և օլիմպիադան կանցկացվի սովորական, այլ ոչ թե առցանց ձևաչափով:
Հասմիկ Ասլանյան