05.10.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ՝ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ՝ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «ԱՐՓԱ» ինստիտուտի հայտարարած Նորարարության մրցույթի ամփոփումը, և երիտասարդ գիտնականներին հանձնվել են մրցանակներ: Կենսաբանության ֆակուլտետի երիտասարդ հետազոտողների խումբը մրցույթում արժանացել է մրցանակի՝ ստանալով դրամական պարգև:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնին կից գիտական խումբը (ղեկավար՝ կ․գ․թ․ Նիկոլայ Ավթանդիլյան, խմբի անդամներ՝ Էդիտա Նադիրյան, Մերի Քոչարյան, Սվետլանա Հովհաննիսյան), ներկայացնելով բուսական ծագման և քիմիաթերապևտիկ միացությունների համակցմամբ հակաքաղցկեղային թերապիայի նոր մոդելի բացահայտմանը վերաբերող թեմա, արժանացել է 2-րդ մրցանակի։ Առաջին մրցանակի արժանացել է ՀՀ ԳԱԱ Ա․ Բ․ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետազոտող Նարինե Ամիրխանյանը։

 

 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով «ԱՐՓԱ» ինստիտուտի գործունեությունը երիտասարդ գիտնականներին խրախուսելու հարցում, ողջունելի համարեց այն, որ երկրորդ մրցանակակիրներն ու մրցույթի մասնակիցների մեծ մասը Երևանի պետական համալսարանից են։

 

 

«Գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն ՀՀ գիտական բնագավառում առաջատարն է և այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք, միտված են պահելու առաջատարի դիրքերն ու գրանցելու առավել մեծ արդյունքներ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շեշտեց, որ Հայաստանում կարևորվում է գիտության դերը, քանի որ այն էական նշանակություն ունի պետությունների զարգացման գործում։

 

 

«Տարիներ ի վեր «ԱՐՓԱ» ինստիտուտի հայտարարած Նորարարության մրցույթը խրախուսում և քաջալերում է երիտասարդներին։ Դա նախևառաջ գաղափարի իրականացման հնարավորություն է, իսկ հետագայում նաև կարող է եկամտի աղբյուր դառնալ»,- նշեց Կ. Թռչունյանը:

 

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հույս հայտնեց, որ կատարված հետազոտությունները չեն մնա միայն թղթի վրա, այլ կդառնան իրականություն՝ բարելավելով մարդկանց կյանքն ու նպաստելով երկրի զարգացմանը։

 

 

«ԱՐՓԱ» ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը նշեց, որ սա ամենամյա մրցույթի արդեն 15-րդ՝ հոբելյանական տարին է։ Մրցույթի անցկացման կարևորագույն նպատակն է խթանել Հայաստանում կրթության և գիտության ոլորտների զարգացումը՝ խրախուսելով երիտասարդ գիտնականների նորարար ու մրցունակ գաղափարները։

 

 

Գիտական խմբի ղեկավար-խորհրդատու, ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, կ․գ․թ․ Նիկոլայ Ավթանդիլյանը, խոսելով հետազոտության թեմայի արդիականությունից, ընդգծեց. «Աշխարհում քաղցկեղի բուժման համար կիրառվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները շատ են, ուստի մեր խմբի նպատակն էր գտնել հնարավորինս քիչ կողմնակի ազդեցությամբ, բայց առավել արդյունավետ թերապևտիկ մոդել: Մեր փորձարկումները բավականին լավ արդյունք են տվել. կարողացել ենք նվազեցնել ուռուցքի չափերը, քանակը, մահացության ցուցանիշը՝ բարելավելով կենդանի օրգանիզմի կենսական վիճակը»:

 

 

Մրցանակակիրներ Էդիտա Նադիրյանը, Մերի Քոչարյանը և Սվետլանա Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար, ասացին, որ ֆինանսական պարգևատրումը դառնալու է հետագա նոր  ուսումնասիրությունների շարժիչ ուժը:

 

Նշենք, որ «ԱՐՓԱ» ինստիտուտը սահմանել էր հետևյալ մրցանակները՝

 

1-ին տեղի համար` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,

2-րդ տեղի համար` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Այլ նորություններ
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։