11.04.2017 | 
Գիտություն
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողովը:

Հանրապետական եռօրյա գիտաժողովը նախաձեռնել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: Մասնակցում էին բարձր կուրսերի ուսանողներ, ամբիոնի դասախոսներ, ասպիրանտներ և շրջանավարտներ ոչ միայն Մայր բուհից, այլև տարբեր ուսումնական հաստատություններից: Գիտաժողովը բաղկացած էր երեք բաժանմունքներից, որոնցում այս և առաջիկա երկու օրերին ընդհանուր առմամբ կներկայացվի 30 զեկուցում:

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին ամբիոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, ապա պատմական ակնարկ կատարեց Արվեստաբանության ամբիոնի անցած ուղու և գործունեության մասին: Նա կարևորեց շրջանավարտների դերը, ովքեր աշխատում են մշակութային տարբեր ոլորտներում: Դեկանն ընդգծեց նաև, որ ամբիոնի դասախոսական անձնակազմը պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների:

 

«Ամբիոնը ստեղծվեց անկախության տարիներին և չափազանց ծանր պայմաններում: Այդ գործում մեծ ներդրում ունի ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը: Պատմության ֆակուլտետն առանց այս ամբիոնի աղքատ կլիներ: Պետք է նշեմ, որ ամեն տարի այս մասնագիտությունն են ընտրում շուրջ 60 ուսանողներ»,- հավելեց պարոն Մինասյանը:

 

Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը, խոսելով ամբիոնի ստեղծման դժվարությունների մասին, նշեց, որ այն ստեղծելիս հաշվի են առել ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները: Ամբիոնի վարիչը կարևորեց նաև երիտասարդների դերը, ովքեր այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ:

 

«Մենք պետք է մեզ ճանաչենք, իսկ եթե չենք ճանաչում, ապա դառնում ենք անդեմ զանգված: Այս ամենը լավ հասկանալու համար պետք է ուսումնասիրենք նաև արվեստաբանությունը: Մեր արվեստը ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում: Բոլոր երկրներում պակասում են արվեստի հայ մասնագետները»,- ասաց Լևոն Չուգասզյանը:

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գեղամ Ասատրյանն էլ նշեց, որ գիտաժողովի առանձնահատկությունն այն է, որ ՈՒԳԸ-ն, լայն համագործակցություն ունենալով ամբիոնի հետ, կյանքի կոչեց այս գիտաժողովը. «ՈՒԳԸ-ի միջոցներով տպագրվելու են գիտաժողովի շրջանակում ներկայացված լավագույն զեկուցումները»:

 

Նշենք նաև, որ գիտաժողովի շրջանակներում ծրագրի մասնակիցներն ապրիլի 15-ին այցելելու են Մակարավանք, որտեղ կանցկացնեն արշավ-ուխտագնացություն: 

Այլ նորություններ
ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԷՐ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը: