21.06.2018 | 
Հասարակություն
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:

ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս երեք տարի առաջ, երբ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում բացվել է ընկերության սննդի կետը, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում էլ «Արտ Լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը հաստատեց, այդ ճաշարանի տարածքի փոքր լինելու պատճառով ընկերությունը չէր կարողանում ներկայանալ ամբողջ տեսականիով:

 

Համալսարանում հարմարավետ սննդի կետ ունենալու համար ուսանողական ներկայացուցիչները մոտ երեք ամիս առաջ հանդիպել էին և՛ Բակուր Մելքոնյանի, և՛ ԵՊՀ ռեկտորի հետ, ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որից հետո ԵՊՀ-ի և ընկերության համագործակցության արդյունքում որոշվել է տրամադրել առավել մեծ տարածք և ստեղծել ճաշարան, որն  ուսանողներին հատուկ զեղչեր կտրամադրի:

 

Նոր սննդի կետի համար տարածքն ընտրվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում, որի վերանորոգումն իրականացնում է հենց ԵՊՀ-ն: Բակուր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն լիովին համապատասխանում է ցանկալի չափորոշիչներին. «Մենք մեզ հետ կբերենք շարժական գույքը և կներկայանանք մեր ամբողջական համեղ տեսականիով»:

 

Փոխհամագործակցության արդյունքում ԵՊՀ-ն մատչելի գներով տարածքը կտրամադրի վարձակալության, իսկ «Արտ Լանչ» ընկերությունն էլ համալսարանականների համար հատուկ գնային քաղաքականություն կվարի: Մեզ հետ զրույցում Բակուր Մելքոնյանն ասաց, որ նախնական հաշվարկներով զեղչերը կլինեն 15-20 %-ի սահմաններում: Ի դեպ, ճաշարանը բաց կլինի բոլորի համար:

 

Առողջ սննդի երաշխավորության մասին ընկերության համահիմնադիրն ասաց, որ համագործակցելով մի շարք հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների հետ և ունենալով Հայաստանում ճաշարանների ամենամեծ ցանցը՝ «Արտ Լանչ»-ն առաջնորդվում է իր սկզբունքներին համապատասխան, որոնցից ամենակարևորը թարմ և տեղական սննդամթերքից պատրաստվող որակյալ ուտեստների տրամադրումն է:

 

«Մեր առաջին պայմաններից մեկը կիսաֆաբրիկատներ չօգտագործելն է, որի պատճառով է նաև, որ Քիմիայի ֆակուլտետում տեղակայված ճաշարանում չենք կարողանում առավել բազմազան տեսականիով ներկայանալ: Չենք օգտագործում համային հավելումներ: Այժմ էլ փորձում ենք հացը նույնպես մեր ճաշարաններում թխել»,- ասաց ընկերության համահիմնադիրը:

 

Բակուր Մելքոնյանն ասաց նաև, որ ընկերությունը բաց է նոր առաջարկների համար. «Ի դեպ, սիրով կընդունենք նաև նոր սննդի կետի դիզայնի վերաբերյալ առաջարկներ և կփորձենք հետաքրքիր լուծումներ գտնել»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հայոց ազգային արժեքների պահպանում» ՀԿ-ի անդրանիկ համագումարը: