13.02.2019 | 
«ՄԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԴԱՏՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՉԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ». ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
«ՄԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԴԱՏՈՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՉԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ». ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց նաև անցումային արդարդատության թեման:

Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, գիտական խորհրդի անդամները և ուսանողներ:

Քննարկման սկզբում զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը:

Վերջինս՝ որպես փորձագետ, անդրադարձավ անցումային արդարդատությանը վերաբերող մի շարք հարցերի:

«Նախ պետք է նշեմ, որ անցումային արդարադատություն եզրույթը պետք է ավելի լայն իմաստով հասկանալ,- պարզաբանեց Աննա Վարդապետյանը,- վերջինիս խնդիրը ոչ թե պատժելն է, այլ հաշտության եզրեր գտնելը: Պետք է այնպես անել, որ պետությունն ինքը վրեժխնդրության գործիք չդառնա»:

Ըստ բանախոսի՝ շատ ավելի տեղին կլինի, եթե այստեղ օգտագործվի «անցումային փուլի արդարադատություն» եզրույթը:

 

«Անցումային փուլի արդարադատությունը կիրառվել է մի շարք երկրներում, որոնք նույնպես անցել են հեղափոխական ցնցումների միջով: Մենք այստեղ կարող ենք քննարկել Վրաստանի, Ուկրաինայի, Ալբանիայի օրինակները և մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն կրկնի այս երկրների սխալները»:

Խոսելով անցումային արդարադատության իրականացման գործիքակազմի մասին՝ բանախոսը առանձնացրեց ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավական մեխանիզմներ:

«Այստեղ մենք անպայման պետք է խոսենք ոչ միայն խնդրի հետևանքների՝ ապօրինի կապիտալի կամ կոռուպցիայի չափերի մասին,- նշեց բանախոսը,-  այլ պետք է պարզաբանենք դատական համակարգի նկատմամբ առկա ցածր վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված հանձնաժողովների անարդյունավետության և այլ խնդիրների առաջացման պատճառները»:

Աննա Վարդապետյանը զեկույցում շեշտեց նաև, որ անցումային արդարադատության իրականացման բոլոր փուլերում պետությունը չի կարող հակասել միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորություններին:

 

Քննարկմանը ներկա Գագիկ Հարությունյանի խոսքով հենց այստեղ է, որ մենք գործ ունենք անցումային արդարադատությանը վերաբերող մի շարք հակասությունների հետ:

«Բազմիցս շեշտվել է, որ անցումային արդարադատությունն իրականացնելիս պետությունը չի կարող խախտել միջազգային ատյանների հանդեպ ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից հարց է առաջանում՝արդյո՞ք անցումային արդարադատությունն իրականացնելիս հաշվի է առնվելու սահմանադրությունն ու նրանում ամրագրված օրենքները, թե՞ այն իրեն սահմանդրությունից վեր է դասելու »:

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ պետք է ճիշտ գնահատել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են անցումային արդարադատության գործընթացում:

«Այն, ինչը որպես շատ լավ համակարգ  աշխատում է մի երկրում, մեզ մոտ  կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ և ձախողվել: Այդ պատճառով իմ մոտեցումն այն է, որ պետք է հստակ հասկանալ, թե ինչ ունենք մենք այսօր, ինչ թերություններ ունի մեր ունեցածը, և ինչպես կարող ենք դա շտկել»:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ելույթում  նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ քննարկմանը ակտիվ մասնակցելու և տարաբնույթ կարծիքներ հնչեցնելու  համար և նշեց, որ անցումային արդարադատության և վերջինիս իրականացման  ռիսկերի և վտանգների մասին ինքը խոսել է դեռևս իր կառավարման հարյուր օրը ամփոփելու ժամանակ:

 

«Ես այդ ժամանակ իմ ելույթում առանձնահատուկ շեշտել եմ, որ ոչ մի անցումային արդարադատություն չի հակասելու մեր սահմանադրությանը: Մենք դատարաններին դատող դատարաններ չենք ստեղծելու: Մեր երկրի իրավական անվտանգությունն ամենակարևորն է այս հարցում»:

Պարոն Զեյնալյանը կարևորեց նմանատիպ քննարկումների նախաձեռնումը հատկապես ակադեմիական դաշտում և հույս հայտնեց, որ այդ քննարկումների և դրսևորված ակադեմիական մոտեցումների շնորհիվ կհաջողվի հարցին պատշաճ լուծում տալ՝ պետության համար որևէ վտանգ կամ ձախողում չարձանագրելով:

Վերջում արդարադատության նախարարը ներկաներին առաջարկեց ակադեմիական հոդվածներով հանդես գալ և հանրությանը մատչելիորեն ներկայացնել անցումային արդարադատությանը վերաբերող, իրավաբանորեն հիմնավորված թե դրական, թե բացասական կարծիքները:

Անի Պողոսյան