17.10.2019 | 
Գիտություն
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») ավագ հետազոտող-վերլուծաբան Ռուբինա Առաքելյանը փաստեց, որ Գլոբալ նորարական եռօրյա ֆորումն («GIF») արդեն երկրորդ տարին է կազմակերպվում. «Հիմնադրամի կողմից նախաձեռնվող բոլոր ծրագրերի, այդ թվում՝ ֆորումի առաջնային նպատակն է նպաստել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը»:

 

«Մենք նպատակ ունենք հավաքագրելու և կուտակելու օտար երկրներում ստեղծագործող ու աշխատող հայ գիտնականների միտքը, ինչպես նաև այն ներդնելու Հայաստանի զարգացման գործում»,- ասաց Ռուբինա Առաքելյանը:

 

Նրա փոխանցմամբ, ֆորումին մասնակցում են աշխարհի գիտակրթական, տեխնոլոգիական տարբեր ինստիտուտների, գործարար աշխարհի, հեղինակավոր ստարտափների ներկայացուցիչներ, որոնք իրենց փորձը և գիտելիքը ներդնելու են Հայաստանում. «Բացի դրանից՝ ֆորումը հնարավորություն կտա հաստատելու նոր ծանոթություններ, ընդլայնելու համագործակցության սահմանները և գեներացնելու նոր գաղափարներ»:

 

 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ներկայացուցիչն ասաց, որ այսօր կազմակերպված քննարկումների ձևաչափով միջոցառումներ իրականացվում են նաև հայաստանյան այլ բուհերում և ինստիտուտներում. «ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են գալիս Արտեմ Օգանովը, որն առաջին անգամ չէ այստեղ, և Առնակ Դալալյանը, որը Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ է»:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կողմից հյուրընկալված Արտեմ Օգանովի հետ հանդիպմանը մասնակցում էին համալսարանի տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսորը դասախոսության ընթացքում ներկայացրեց իր կողմից մշակված «USPEX» մեթոդը, որը թույլ է տալիս կանխատեսելու նոր նյութեր, դրանց կառուցվածքը և հատկությունները: Նրա կողմից մշակված բյուրեղային կառուցվածքի կանխատեսման եզակի մեթոդը ներկայումս կիրառում են աշխարհի բազմաթիվ հետազոտողներ:

 

 

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի կողմից հյուրընկալված Առնակ Դալալյանի հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Դասախոսության ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին առանձնացված մասի մոդելավորման և տարբեր մեթոդների հուսալիության չափման համար մաթեմատիկական տարբեր հիմքեր:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: